ՄԻԵԴ-ը ևս երկու վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) նոյեմբերի 24-ին երկու վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի, տեղեկանում ենք Եվրադատարանի կայքից։

«Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով, որը վերաբերում է 2002թ․ Լեռնային Ղարաբաղում ծառայության ժամանակ Սուրեն Մուրադյանի մահվանը, ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է Մուրադյաններին վճարել 50 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում և 165 եվրո՝ դատական ծախսերի դիմաց։

Հայցվոր Հրաչյա Մուրադյանը՝ Սուրենի հայրը, պնդել է, որ որդին մահացել է վերադասների կողմից դաժան վերաբերմունքի հետևանքով։ Եվրադատարանը վճռել է, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը (Կյանքի իրավունք) ինչպես Սուրեն Մուրադյանի մահվան, այնպես էլ դրա հետաքննության դեպքում։

Մյուս գործով՝ «Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի», Եվրադատարանը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 2400 եվրո՝ վճռելով, որ խախտվել է Մանուչարյանի արդար դատաքննության իրավունքը։

Հայցվոր Սպարտակ Մանուչարյանը 2009թ․ Ալավերդիում տեղի ունեցած սպանության համար ներկայում 13 տարի ազատազրկման պատիժ է կրում բանտում։ Գործը վերաբերում է նրա բողոքին առ այն, որ դատավճիռը կայացվել է առանցքային վկայի,- որն իր դատավարությանը ներկա չի եղել, մինչդատական հայտարարության հիման վրա։

Մոտ մեկ ամիս առաջ ՄԻԵԴ-ը ևս երկու վճիռ էր կայացրել ընդդեմ Հայաստանի՝ «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» և «Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի» գործերով՝ խախտված ճանաչելով արդար դատաքննության իրավունքը:

Փաստաբան Վահե Գրիգորյանը ՍիվիլՆեթին ներկայացրել է «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործի մանրամասները։ Տեսանյութը՝ ստորև։

Մեկնաբանել