Ի՞նչ է նշանակում «Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում»

Հայաստանի երեք նախագահներից երկուսը՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, տարբեր առիթներով հայտարարել են, որ «Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում» կամ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ»:

Մեկ շաբաթ առաջ նման մեկնաբանություն արեց Սերժ Սարգսյանը՝ ռուս հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովի հետ զրույցում բառացիորեն ասելով. «Մենք ընդունում ենք ցանկացած պետության, այդ թվում` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բայց ժողովրդի ինքնորոշումն ընդհանրապես չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին, որովհետև տարածքային ամբողջականությունը վերաբերում է պետությունների միջև հարաբերություններին, իսկ ինքնորոշումը` մայրաքաղաքին և ժողովրդին, որը բնակվում է իր պատմական հայրենիքում»:

Այս վիճահարույց հայտարարությունից հետո փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը կրկնեց՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:

Կարելի է բերել հազար ու մի պատճառ, թե ինչու Արցախը չի կարող և չպետք է լինի Ադրբեջանի կազմում:

Չի կարող և չպետք է լինի, քանի որ այդ դեպքում Արցախի բնակչության վրա կախված կլինի ցեղասպանության կամ բռնի տեղահանության մշտական սպառնալիքը, ինչպես 1996թ․ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովի իր ելույթում ձևակերպեց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Չի կարող և չպետք է լինի, քանի որ Արցախը հանրաքվեով հռչակել է իր անկախությունը:

Չի կարող և չպետք է լինի, քանի որ Արցախը հաղթել է պարտադրված պատերազմում:

Չի կարող և չպետք է լինի, քանի որ Արցախը հայկական հող է:

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մեկնաբանությունները, սակայն, իրավաբանորեն խոցելի են, պատմականորեն՝ առնվազն վիճարկելի:

Բացատրեմ, թե ինչու:

Եթե անգամ մի պահ ընդունենք, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ապա չի եղել նաև անկախ Հայաստանի կազմում: Իրականում, սակայն, Արցախը եղել է ինչպես անկախ, այնպես էլ ոչ անկախ կամ կիսանկախ Ադրբեջանի կազմում:

1919թ․ օգոստոսի 22-ին Ղարաբաղի 7-րդ Հայոց համագումարը ժամանակավոր համաձայնագիր է ստորագրել, որի 2-րդ կետում ասվում է. «Ղարաբաղի լեռնային՝ Շուշիի, Ջևանշիրի և Ջեբրայիլի գավառների (Դիզակ, Վարանդա, Խաչեն և Ջրաբերդ) հատվածը, որը բնակեցված է հայերով, իրեն ժամանակավոր համարում է Ադրբեջանի հանրապետության սահմաններում»:

1920թ․ ապրիլի 28-ին Ադրբեջանը խորհրդայնացվեց և իր կիսանկախ վիճակը պահեց մինչև 1922թ․ դեկտեմբերի 30-ը, երբ Հայաստանի և Վրաստանի հետ Խորհրդային Միության մաս կազմեց: Այդ երկուսուկես տարիներին Արցախը ո՞ւմ կազմում էր՝ Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի:

1923-ից արդեն ինքնավար մարզի կարգավիճակով՝ ԼՂԻՄ, Արցախը Խորհրդային Ադրբեջանի մաս էր և այդ կարգավիճակով մնաց մինչև 1991թ․ սեպտեմբեր:

Եթե Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները նկատի ունեն ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին 1990թ․ ապրիլի 3-ի օրենքը, ապա այստեղ էլ ամեն բան միանշանակ չէ: Միջազգային հանրությունը ճանաչել է ԽՍՀՄ փլուզման արդյունքում անկախություն ստացած միութենական 15 հանրապետությունները միայն և հրաժարվում է ճանաչել ինքնավար հանրապետությունները, մարզերը և օկրուգները: Նույնը տեղի ունեցավ Հարավսլավիայի դեպքում, երբ միջազգային հանրությունը ճանաչեց միացյալ պետության մաս կազմող 6 հանրապետությունները: 2008թ․ տեղի ունեցավ շեղում: Արևմտյան աշխարհը ճանաչեց Սերբիայի մաս կազմող Կոսովոն, իսկ Ռուսաստանը՝ Վրաստանի մաս կազմող Աբխազիան և Հարավային Օսիան: Երկու դեպքում էլ որոշումը քաղաքական էր:

Զարմանալի է, որ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը, որտեղ նա բացահայտ կերպով և ամենայն անկեղծությամբ ռուս հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովին պատմում էր, որ Հայաստանը պատրաստ էր և պատրաստ է Ադրբեջանին վերադարձնել «ադրբեջանական յոթ շրջաններ», ոչ մի արձագանք չի գտել սփյուռքյան, Հայ դատը հետապնդող մամուլում և ռազմահայրենասեր մեկնաբանների մոտ:

Մինչդեռ Սերժ Սարգսյանի ռուսերենը շատ հասկանալի էր ու հստակ:

Լուսանկարում՝ Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ․։

Քարտեզը՝ Ռոբերտ Հյուսենի «Հայաստանի պատմական ատլաս»-ից (Rober H. Hewsen, Armenia։ A Historical Atlas):