Սերժ Սարգսյանի ելույթի հիմնական հատվածները

ՀՀԿ 16-րդ համագումարում Սերժ Սարգսյանը խոսեց Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրների, տնտեսության մասին

ՀՀ նախագահ և Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ծրագրային ելույթ ունեցավ իր կուսակցության 16-րդ համագումարին։ ՍիվիլՆեթն առանձնացրել է Սարգսյանի ծավալուն ելույթի հատվածներ։

Քաղաքական կուսակցությունների մասին

Գալիք երկու-երեք տարիները լինելու են խիստ կարևոր Սահմանադրության անցումային դրույթներն արդյունավետորեն կյանքի կոչելու տեսանկյունից: Այս մասին մենք բազմիցս և հանգամանալիորեն խոսել ենք։ Նոր Սահմանադրությամբ էապես բարձրանում է կուսակցությունների դերը մեր հասարակական-քաղաքական կյանքում: Այսուհետ ինքնաբերաբար անհետանալու են մարդ-կուսակցությունները կամ ակումբ-կուսակցությունները: Քաղաքական կուսակցությունների հիմնական ձևավորող և շարժիչ ուժը պետք է լինեն գաղափարակից համախոհները:

Այս նոր պայմաններում քաղաքական դաշտի բյուրեղացումն անխուսափելի է: Դա առաջին հերթին արտահայտվելու է կառավարող և ընդդիմադիր բևեռների ավելի հստակ տարանջատմամբ: Նաև անխուսափելի է դառնում քաղաքական միավորների խոշորացումը:

Հանրապետականը հատուկ առաքելություն պետք է ստանձնի այս անցումային շրջանում: 2016-2018 թվականների փուլը պետք է լինի հնարավորինս կայուն, սահուն և անցնցում: Մենք՝ որպես համախոհների թիմ, այդ ընթացքում պետք է հանդես գանք որպես առաջնորդող և սկզբունքային, բայց միևնույն ժամանակ՝ բանակցող, միջնորդող, հակասությունները հարթող ուժ:

2017-ի ընտրությունների մասին

Այժմ մեր առաջնահերթ խնդիրն է՝ 2017 թվականի գարնանը կազմակերպել և անցկացնել անբիծ ընտրություններ: Մեզ անհրաժեշտ է հենց այդպիսի վստահության քվե: Եվ այդ պարագայում, առանց վարանելու ու շեղվելու, մենք առաջ կընթանանք մեր երկրի բարեփոխումներն իրականություն դարձնելու ուղիով:

Հանրապետականը գալիք խորհրդարանական ընտրություններին ներկայանալու է հասարակության մեջ լայն հեղինակություն վայելող ու վստահություն ներշնչող անհատների և բաց քաղաքական դաշտում բոլորի հետ հավասար պայմաններում մրցել ու գաղափարներով հաղթել կարողացող գործիչների կուռ թիմով, գրագետ համադրությամբ։ Մենք մեր ծրագրերով, նոր նախաձեռնություններով ու թարմացվող գործելաոճով փորձելու ենք պահպանել ու ավելացնել մեր կուսակցության դերակատարումը նաև Սահմանադրության բարեփոխումներով պայմանավորված նոր քաղաքական միջավայրում։ Այդ իսկ պատճառով մենք պետք է կարողանանք շատ ավելի մոտ լինել մեր հիմնական շահառուին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն և, միաժամանակ, շատ ավելի դինամիկ, անընդհատ կատարելագործվող ու ճկուն՝ քաղաքական բանավեճում և գաղափարների մշակման գործում։

Ասեմ նաև, որ գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կրկին կգլխավորի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը:

Տնտեսության մասին

Կառավարության և մեր բոլորի ուշադրության թիվ մեկ առարկան, իհարկե, մեր տնտեսությունն է, առկա բոլոր մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացում ապահովելու գերկարևորությունը։ Հայաստանի տնտեսության, այսպես ասած, «իմունիտետը» շատ է փոխվել այս տարիների ընթացքում։ Մեզ հաջողվել է զարգացնել բոլոր այն ինստիտուտները, որոնք զսպանակի նման աշխատելով, կարողանում են լրջորեն մեղմել արտաքին աշխարհից եկող ուժեղ բացասական ալիքները և չթողնել, որ դրանք անխոչընդոտ հասնեն մարդկանց, հասնեն ընտանիքներ։ Հենց այդ՝ անընդհատ ավելացող ամրության պաշարն է նաև, որ մեզ թույլ տվեց առաջանցիկ աճ ապահովել։ Մասնավորապես, 2007-2015 թվականներին Հայաստանն ապահովել է 29.3 տոկոս իրական տնտեսական աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով՝ 32 տոկոս աճ, մինչդեռ նույն ԱՄՀ տվյալներով Եվրոպայում այդ ժամանակահատվածում արձանագրվել է 8.9 տոկոս աճ (ընդ որում՝ Արևմտյան Եվրոպայում՝ 5.7 տոկոս աճ, Արևելյան Եվրոպայում՝ 17.2 տոկոս աճ), իսկ ԱՊՀ-ում՝ 22.4 տոկոս աճ։ Հայաստանը վերջին 9 տարիներին շարունակել է զարգանալ` միաժամանակ դիմագրավելով այնպիսի տնտեսական ցնցումների, որոնք երբեմն համեմատվում են նախորդ դարի երեսնականների մեծ դեպրեսիայի հետ։

Այդ պայմաններում մենք կարողացանք ոչ միայն չդոփել տեղում, այլև նոր հորիզոններ բացել երկրի զարգացման համար, փոխել տնտեսության կառուցվածքը՝ դարձնելով այն ավելի բազմազան, նաև տնտեսության կառուցվածքում էականորեն մեծացնել արտահանումը՝ միաժամանակ կրճատելով ներմուծման ծավալները։ Մասնավորապես, եթե ընդամենը դարասկզբին արտահանելի հատվածի նպաստումը կազմում էր մեր ՀՆԱ-ի աճի մոտ 20-23%-ը, ապա վերջին հինգ տարիներին այն կազմել է 72%-ը: Եթե 2006 թվականին Հայաստանի արտահանումը կազմել է 985 միլիոն ԱՄՆ դոլար, ապա 2015 թվականին՝ 1 միլիարդ 485 միլիոն, իսկ այս տարվա 9 ամիսներին՝ 1.3 միլիարդ։ Տնտեսական աճի կառուցվածքի նման փոփոխությունը մի կողմից պարտադրվեց 2009 թվականի ֆինանսական ճգնաժամի հետևանքով, մյուս կողմից դարձավ Հայաստանի ընտրած տնտեսական քաղաքականության լրջագույն ձեռքբերումը։ Տնտեսական աճի կախվածությունը դրամական փոխանցումներից իր տեղը զիջեց ներքին տնտեսական գործոնների գերակայությանը։

Արդյունքում՝ 2007-2015 թվականներին աշխատողների իրական աշխատավարձն աճեց 39.2 տոկոսով։ Սա հնարավոր է դարձել ոչ միայն իրական տնտեսական աճ ապահովելու արդյունքում, այլև ընդհանրապես և մասնավորապես՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամերի տարիներին գների կայունությունն ապահովելու արդյունքում։ Ցանկացած մասնագետ կպնդի, որ գների կայունությունն ապահովելու տեսանկյունից այս դժվարին տարիներին Հայաստանն այլ երկրների հետ համեմատության առումով փայլուն արդյունքներ է արձանագրել, և սա մեր կարևորագույն ձեռքբերումներից է։

Անցած տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձը շարունակաբար բարձրացել է: Եթե 2007 թվականին այն կազմում էր 20 հազար դրամ, ապա ներկայումս այն 55 հազար դրամ է: Այսինքն՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձն աճել է 2.8 անգամ:

Լրջորեն աճել են աշխատավարձերը մեր երկրի պետական հատվածում: Եթե 2007 թվականին պետական հատվածում միջին աշխատավարձը եղել է 60985 դրամ, ապա 2016 թվականի ինն ամիսներին կազմել է 160688 դրամ: Այսինքն՝ անցած 9 տարիների ընթացքում պետական հատվածում աշխատավարձը բարձրացել է 2.6 անգամ: Մասնավոր հատվածում 2016 թվականի ինն ամիսներին միջին աշխատավարձը կազմել է 214169 դրամ՝ 2007 թվականի 90879 դրամի փոխարեն կամ աճել է 2.4 անգամ։

Նմանապես զգալիորեն աճել են կենսաթոշակները: Եթե 2007 թվականին միջին ամսական կենսաթոշակը կազմել է 12746 դրամ, ապա 2016 թվականին այն գերազանցել է 42000 դրամը: Այսինքն անցած 9 տարիների ընթացքում միջին ամսական կենսաթոշակը բարձրացել է 3.3 անգամ:

Բնակչության և տնտեսավարողների ավանդները 2016 թվականի սեպտեմբերի դրությամբ կազմել է 1.6 տրիլիոն դրամ։ Համեմատության համար ասեմ, որ 2006 թվականի դեկտեմբերի դրությամբ այն կազմել է 272 միլիարդ դրամ։ Աճը՝ 5.8 անգամ։ Ընդ որում, միայն բնակչության, այսինքն ֆիզիկական անձանց ավանդները կազմել են շուրջ 1 տրիլիոն դրամ, իսկ ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամում երաշխավորված ավանդների քանակն արդեն անցնում է 1.8 միլիոնը։

Աղքատության մասին

Իհարկե, հարց է ծագում՝ եթե աշխատավարձերն աճել են, կենսաթոշակն աճել է ու տնտեսությունը նույնպես աճել է, ապա ինչպիսին է մեզ բոլորիս առաջին հերթին հուզող աղքատության վիճակը։ Ազնվորեն պետք է արձանագրենք, որ Հայաստանում աղքատության համեմատաբար ցածր մակարդակը պայմանավորված էր հիմնականում արտագնա աշխատողների եկամուտներով ու դրանցով պայմանավորված սպառմամբ։ Ֆինանսական ճգնաժամը հարվածեց հենց այս հատվածին։ Բավական է նշել, որ եթե 2008 թվականին ֆիզիկական անձանց անունով Հայաստան կատարված փոխանցումների ծավալը 2.3 միլիարդ դոլար էր, ապա 2009 թվականին այն կտրուկ նվազեց՝ հասնելով տարեկան 1.6 միլիարդի։ Ավելին, 2015 թվականին, հաջորդ ճգնաժամի հետևանքով, նույն ցուցանիշով ունեցանք արդեն կես միլիարդ դոլարի անկում։ Նույն միտումը շարունակվում է նաև այս տարի։

Այսպիսով, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով մեր երկրում կտրուկ աճել էր աղքատության մակարդակը՝ մեծացնելով աղքատությունը մոտ 9 տոկոսով։ 2010 թվականին այն կազմեց 35.8 տոկոս։ Սակայն գործադրված հետևողական ջանքերի շնորհիվ հաջողվեց այն աստիճանաբար կրճատել՝ 2015 թվականին հասցնելով մինչև 29.8%: Այսպիսով, արտաքին եկամուտների անկմամբ պայմանավորված աղքատության աճը կարողացանք նվազեցնել ներքին տնտեսության իրական աճի հաշվին։ Սա պետք է համարել անկախ Հայաստանի էական տնտեսական ձեռքբերումը, որի հիմքի վրա էլ պիտի հաղթահարենք հետագա վերելքը՝ աղքատության նվազումն ու բարեկեցության աճը խթանելով։

Ավելին, նշենք, որ աղքատությունը խիստ դինամիկ երևույթ է. մարդու բարեկեցությունը փոքր-ինչ մեծացնելը, եկամուտները և ծախսերն ավելացնելը ինքնաբերաբար չեն կրճատում աղքատությունը, քանի որ մարդու կարիքներն էլ անընդհատ աճում են ըստ իր կեցության։ Եվ այս հարցում մենք ազնիվ ենք գտնվել ու ճշգրտել ենք բնակչության յուրաքանչյուր խմբի համար աղքատության իր հստակ շեմը՝ 2009 թվականին ճշգրտելով սպառողական նվազագույն զամբյուղն ու փոխելով աղքատության հաշվարկի մեթոդոլոգիան։ Եթե պահպանեինք հին մեթոդոլոգիան, եթե համարեինք, որ նախկին նվազագույն շեմը հաղթահարելը բավարար է, ապա 2004 թվականի մեթոդոլոգիայով այսօր պիտի հայտարարեի, որ աղքատությունն իջել է մինչև 18.1 տոկոս։ Տնտեսական քաղաքականությունը հաշվի է առել ու այսուհետ էլ հաշվի է առնելու մեր բնակչության աճող կարիքները ու չի բավարարվելու այն ցուցանիշներով, այն պահանջներով ու նվազագույն շեմով, որոնք մենք դրել ենք տասը տարի առաջ։

Հարևանների հետ հարաբերությունների մասին

Մենք միշտ ձգտել ենք իրար կապել Հյուսիսը և Հարավը, կամուրջներ գցել Արևելքի և Արևմուտքի միջև: Հայաստանի լեռներում կղզիանալը երբեք մեր ցանկությունը և նպատակը չի եղել:

Այսօր էլ մենք բաց ենք համագործակցության համար, որի լավագույն ապացույցն են այն ջերմ և բարիդրացիական հարաբերությունները, որ ունենք մեր հարևաններ Վրաստանի և Իրանի հետ: Համագործակցելու մեր պատրաստակամությունն ապացուցելու են գալիս նաև մեր ինտեգրումը Եվրասիական տնտեսական միության կազմում, ինչպես նաև Եվրոպական միության հետ մեր ունեցած փոխըմբռնումը և տնտեսական համագործակցությունը:

Սակայն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մեր հանդեպ վարվող քաղաքականությունը մեզ այլընտրանք չի թողնում: Մենք այլ ընտրություն չունենք, քան գերազանցության ձգտելը: Մենք մեզ ոչ մեկից առավել չենք համարում, սակայն նաև վստահ ենք, որ պարզապես մեկ-երկու կետով առավելություն ունենալով մեր մրցակիցների հանդեպ չենք կարողանա արդյունավետորեն զարգանալ:

Մենք պետք է դառնանք անգերազանցելի այն բնագավառներում, որտեղ մեր աճի հնարավորությունները կախված չեն լինելու մեր անբարյացակամ հարևանների քաղաքականությունից: Արդեն սահմանել ենք մի շարք առաջնահերթություններ, որոնց շարքում են գյուղատնտեսությունը, կրթությունը և նորարարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, թեթև արդյունաբերությունն ու հանքարդյունաբերությունը, ոսկերչությունը և ակնագործությունը, ֆինանսաբանկային ծառայությունները, զբոսաշրջությունը: Այս ցանկն, անշուշտ, կարելի է շարունակել:

Հայաստանի միջազգային հարաբերությունների մասին

Մեր արտաքին քաղաքականության նպատակն ու միջազգային հարաբերություններում մեր ներգրավվածության բանաձևը մեր գործընկերների հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումն է, աշխարհում Հայաստանի բարեկամների թվի ավելացումը։

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության դաշնակիցն է: Դրանով շատ բան է ասված մեր հարաբերությունների խորության, բազմազանության ու նշանակության առումով:

Ամերիկյան նոր վարչակարգի օրոք աշխատելու ենք նոր խթան հաղորդել Միացյալ Նահանգների հետ մեր բարեկամական գործընկերությանը:

Շարունակելու ենք զարգացնել հարաբերությունները Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, եվրոպական այլ երկրների հետ՝ հիմնվելով մեր ընդհանուր քաղաքակրթական արժեհամակարգի վրա։

Ուրախությամբ ենք արձանագրում Չինաստանի հետ վերելք ապրող մեր հարաբերությունների փաստը՝ մի բան, որ հաստատապես շարունակելու ենք նույն ոգով։

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ առավել լայն հնարավորություններ բացվեցին մեր երկրի տնտեսական զարգացման համար: Այդ առումով մենք պետք է լիարժեքորեն օգտագործենք այս ներուժը։

Մենք խորացնում ենք փոխգործակցությունը Եվրոպական Միության հետ։ Հուսով ենք, որ շուտով հաջողությամբ կավարտենք բանակցությունները Եվրամիության հետ մեր հարաբերությունների նոր իրավական շրջանակի շուրջ:

Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին

Ադրբեջանը շարունակում է հոխորտալ, թե փորձելու է ուժի ու բռնության կիրառմամբ իր կամքը պարտադրել մեզ: Ապրիլին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սանձազերծեց Արցախի դեմ՝ պատերազմի հանցագործություններ կատարելով խաղաղ բնակչության և ռազմագերիների հանդեպ: Ադրբեջանի այդ ագրեսիան լուրջ հարված հասցրեց բանակցային գործընթացին: Այժմ հիմնախնդրի կարգավորման ջանքերը բաժանվել են «ապրիլից առաջ» և «ապրիլից հետո» փուլերի:

Թե՛ «առաջ», թե՛ «հետո» մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը։ Հայաստանը և Արցախը պատերազմ սկսելու պատճառ չունեն: Սա է մեր և Ադրբեջանի մոտեցումների ամենաէական տարբերությունը:

Խորապես համոզված եմ, որ Արցախի հարցը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով: Բանակցությունները հաջողությամբ պսակելու համար անհրաժեշտ է, որ կողմերը բանակցեն բարեխղճորեն: Սակայն ոչ պակաս կարևոր է, որ կողմերը նաև հստակ և իրատեսորեն գնահատեն ուժերի առկա հավասարակշռությունը:

Ապրիլյան իրադարձություններն ապացուցեցին, որ Բաքվում իրատեսության հետ կապված լուրջ խնդիրներ կան: Դա ակնհայտ է հենց իրենց հրապարակային հռետորաբանությունից:

Փաստն այն է, որ մեր բանակը լուծեց իր առջև դրված ռազմական խնդիրը՝ լինելով պաշտպանվող կողմ: Ադրբեջանը, հանկարծակի նախահարձակ լինելով, իր ռազմաքաղաքական խնդիրները լուծել չկարողացավ:

Մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ: Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են: Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական ու արդար լուծումը՝ խնդրի կարգավորմանը զուգահեռ: Քանի դեռ այս հիմնական խնդիրը կա, քանի դեռ անորոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որևէ այլ հարց լուծում չի կարող գտնել:

Ադրբեջանի ղեկավարությունը շատ է սիրում բառային աճպարարություն անել: Մեկ խոսում է այն մասին, որ համանախագահող երկրներն իրեն ստիպում են ճանաչել ԼՂՀ անկախությունը, մեկ էլ նույնպիսի առոգանությամբ պնդում է, թե միջազգային հանրությունը լիովին կիսում է իրենց դիրքորոշումը: Համաձայնեք՝ սա շատ տարօրինակ «հետևողականություն» է։

Մենք հստակ գնահատում ենք տարածաշրջանում եղած ուժերի հավասարակշռությունը: Մենք Բաքուն գրավելու և կապիտուլյացիա պարտադրելու ռազմաքաղաքական խնդիր չենք հետապնդում: Սակայն նաև շատ լավ գնահատում ենք, թե ինչ տեսակի անդառնալի կորուստ կարող ենք հասցնել հակառակորդին: Կարծում եմ՝ ավելի մանրամասնելու կարիքը չկա:

Մենք չենք մտնելու սպառազինությունների մրցավազքի մեջ: Դրանում որևէ իմաստ չենք տեսնում: Դրա փոխարեն մենք լավ պատկերացնում ենք մեր Զինված ուժերի առջև դրված խնդիրները: Մեր ռեսուրսները լիովին բավարարում են այդ խնդիրները լուծելու համար:

Որևէ զենք և սպառազինություն ինքնին չի կարող լուծել մարտական գործողության ելքը: Մարդը՝ զինվորը, տակավին մնում է զինված ուժերի առանցքային միավորը: Մեր ջանքերի հսկայական բաժինը պետք է ուղղված լինի Զինված ուժերի անձնակազմի բարոյակամային հատկանիշների, մասնագիտական հմտությունների, մարտավարական ունակությունների կատարելագործմանը:

Բանակի մասին

Հայ մտավորականության մի նոր ու հզոր շերտ է ձևավորվել մեզանում, ինչը նախկինում չկար: Այդ շերտը մեր սպայակազմն է, որը դառնում է մեր էլիտայի արժանավոր հատվածը: Ազգի մտավոր և պաշտոնական վերնախավի մաս կազմելը պետք է լինի մեր ամենաառողջ և կիրթ պատանիների ցանկությունը: Սպան հեղինակություն է վայելում հասարակության մեջ, քանի որ նրա կենսագրությունը պատմություն է կյանքում հաջողակ լինելու մասին:

Մեր կուսակցության շարքերը համալրած՝ պաշտպանության նորանշանակ նախարարն արդեն իսկ միջոցներ է ձեռնարկում սպաների՝ հատկապես երիտասարդ սպաների պաշտոնեական առաջխաղացման գործընթացը կատարելագործելու համար։ Ընդհանրապես, բանակը պետք է դառնա, և ես վստահ եմ, որ շատ արագ դառնալու է արդարության չափանիշ մեր հասարակության մեջ։ Համենայն դեպս, մեր բոլոր քայլերը դրան են տանելու։ Ավելին, պետական բոլոր օղակները շատ ավելի ուշադիր պետք է լինեն և ընդգծված առաջնայնություն պետք է տան տարբեր խնդիրներ լուծելուն ուղղված՝ մեր զինվորականներից, մեր սպաներից, մեր ժամկետային զինվորների ծնողներից ստացվող դիմումներին ու հայտերին։

Խոսելով պաշտպանության նորանշանակ նախարարի մասին պետք է ավելացնեմ, որ Վիգեն Սարգսյանը վատ չի սկսել իր աշխատանքը։ Մենք երկար քննարկել ենք մեր Զինված ուժերին վերաբերող շատ հարցեր և պայմանավորվել, որ կարճ ժամանակահատվածում բացի բանակի մարտունակության հետ կապված ընթացիկ խնդիրներից, որոնք պետք է անընդհատ ուշադրության կենտրոնում լինեն, պետք է ընդգծված առաջընթաց կարողանանք արձանագրել գնումների ոլորտում, ռազմական կրթության և ռազմաբժշկական հաստատությունների աշխատանքում։

Այսօր Հայաստանի զինված ուժերի ռազմատեխնիկական, տեխնոլոգիական և կադրային արդիականացման միջոցով մենք ձևավորում ենք ժամանակակից բանակ: Վերջին շրջանում արդեն իսկ լրջորեն փոխվել է մեր բանակի դիմագիծը և զինանոցը: Վստահ եղեք, որ մեր բանակի արդիականացման համար մենք ոչ մի միջոց չենք խնայելու:

Բանակը միաժամանակ կարող է դառնալ տնտեսության շարժիչ ուժը, տեխնոլոգիական առաջընթացի լոկոմոտիվը: Բանակը երկրի խոշորագույն սպառողներից մեկն է, ուստի այն չի կարող իր ազդեցությունը չունենալ երկրի տնտեսական առաջընթացի վրա:

Մեր զինված ուժերի կարիքները բավարարելուն ուղղված միջոցները, որքան հնարավոր է, պետք է ծախսվեն Հայաստանում. սննդից մինչև շինանյութ, սպառազինությունից մինչև ծրագրային ապահովում, այլ ապրանքներ ու ծառայություններ, որոնց կարիքը բանակն ունի: Մենք պետք է հնարավորինս առավելությունը տանք հայկականին՝ ակնկալելով, որ այդ կերպ երկրում ավելացված արժեք կստեղծվի:

Խոսքս վերաբերում է հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտին, որտեղ եղած նորարարությունների հիմնական պատվիրատուներից մեկը հենց բանակն է: Հայ մասնագետներն ունակ են ստեղծելու ժամանակակից պահանջները բավարարող լուծումներ: Բանակը պետք է օգուտներ քաղի այդ լուծումներից:

Սփյուռքի մասին

Առկա մարտահրավերները պահանջում են խնդիրների լուծման նոր մոտեցումներ նաև Հայաստան-սփյուռք հարաբերություններում: Անշուշտ, մենք շարունակելու ենք մեր ջանքերը ԼՂ հիմնախնդրին, Հայոց ցեղասպանությանը, հայապահպանությանը և մեր ավանդական մյուս գերակայություններին առնչվող հարցերում։ Ակնհայտ է, որ համայն հայության անքակտելի կապը շարունակաբար պետք է ամրապնդել նաև ներկայի և, իհարկե, ապագայի ընկալմամբ և տեսլականով: Այսօր արդեն գրեթե բոլորն են վստահ նպատակի հարցում, այն է՝ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացում և առաջ գնացող Հայաստանի շուրջ համայն հայության միավորում։ Պարզ, առանց խրթին տողատակերի մի նպատակադրում, որը պահանջում է, սակայն, համատեղ աշխատանքի նոր մոտեցումներ, ավելի ակտիվ նախատրամադրվածություն։

Այո, մենք շարունակում ենք բացահայտել սփյուռքի մեր քույրերի և եղբայրների ներուժը՝ փորձելով այն ուղղել Հայաստանի կայուն զարգացմանը: Տնտեսական, իրավական, սոցիալական, գիտակրթական, մշակութային, տեղեկատվական և այլ բնագավառներում աշխատանքները կազմակերպելու համար արդեն ստեղծված են գրեթե բոլոր նախապայմանները:

Այս տարիների ընթացքում մենք շատ աշխատանք ենք կատարել այդ ուղղությամբ։ Եկել է պահը, երբ մեկ էական լրացում պետք է կատարենք Հայաստան-սփյուռք համատեղ աշխատանքում։ Միասնականության և պատասխանատվության համատեղումն է դա։ Մենք ունենք Հայաստանի զարգացմամբ մտահոգ սփյուռք, ունենք աշխարհում հաջողության հասած այնպիսի հայրենակիցներ, ում անձնական և ինստիտուցիոնալ հնարավորությունները Հայաստանում ինչ-որ բան առաջ տանելու հարցում շատ ավելին են, քան անգամ պետական մի քանի գերատեսչությունների կարողությունները միասին վերցրած։ Եվ այդ մարդիկ իսկապես մտահոգ են Հայաստանի զարգացմամբ։ Ուրեմն եկել է նաև միասնաբար զարգացման քաղաքականություն իրականացնելու ժամանակը։ Անկեղծ լինենք՝ մինչ այսօր դա ընդգծված իրականություն չի եղել։ Քիչ բացառություններով՝ Հայաստանում մշակվել և իրականացվել է այս կամ այն ոլորտի քաղաքականությունը, ընթացքում սփյուռքի մեր հայրենակիցները հրավիրվել են մասնակցելու կամ օժանդակելու։ Մենք փոխում ենք սլաքը, ասում ենք՝ այսուհետ մշակված ձևաչափերով միասին ենք աշխատելու, միասին ենք ամրագրելու նպատակադրումները, միասին ենք դեր ստանձնելու, միասին ենք իրականացնելու, և վերջում էլ միասին են։

Մեկնաբանել