Կնոջը դաժան ծեծի է ենթարկել փողոցի մեջտեղում

Հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը Երևանի կենտրոնում ականատես է եղել տղամարդու կողմից կնոջ դաժան ծեծի՝ փողոցի անմիջապես երթևեկելի մասում։

Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրել է, որ շաբաթ ժամը 16։00-ի սահմաններում Տերյան փողոցում ուղիղ երթևեկելի հատվածում մի տղամարդ անմարդկային ծեծի է ենթարկում երիտասարդ մի կնոջ՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով մարմնի տարբեր հատվածներին, մազերից քարշ տալիս ասֆալտին։

«Մեր մեքենան դեռ չկանգնեցրած դուրս եմ ցատկում ու վազում դեպի կինը, փորձում պաշտպանել նրան։ Կինը կառչում է ինձնից, պինդ գրկում մեջքիս հատվածն ու ձեռքերս, աղերսում, որ փրկեմ իրեն։ Երիտասարդը, որն էնքան ուժեղ էր, որ կարողանում էր երկուսիս արդեն քարշ տալ փողոցով, գցում է մեզ մեքենայի մեջ ու փորձում ընկերոջ օգնությամբ, որը մեքենայի ղեկին էր, տանել այդտեղից։ Զուգահեռ աղմուկ-գոռոց, աղջիկն աղերսում է ինձնից օգնություն, տղամարդը գոռում էր ինձ վրա, որ բաց թողնեմ, որ դա իր կինն է, ու ես էդտեղ անելիք չունեմ, քաշում է ձեռքերս ու փորձում էլի իմ մարմնի վրայով հարվածներ հասցնել կնոջը, քաշել, պոկել մազերը։ Վրա է հասնում ամուսինս․ տղամարդը հարցնում է, էս քո կնիկն ա, ասա թող թողի գնա, խի կնիկդ քեզ չի ենթարկվում։ Ամուսինս էլ, թե ինչի՞ պիտի ինձ ենթարկվի։ Էս քաշքշուկն ու ծեծկռտուկը տևում է 20 րոպե, ու ոչ մեկը չի կարողանում ինձ ու աղջկան ազատի էս կատաղածի ճիժաններից։ Վերջը մի կերպ հրելով վեր եմ թռնում մեքենայից, ու քանի որ աղջիկն էլ ինձ պինդ կպած էր՝ վիրավոր գազանի նման, կարողանում ենք ճողոպրել դեպի դիմացի մայթում գտնվող աղջկա աշխատավայր։ Էդքան ժամանակ մարդիկ նայում ու ասում էին, դե իրա կնիկն ա, ինչ անենք(((((
Հասցնում եմ միացնել տեսագրող կոճակը, ու ձայնագրել մի հատված»։

Մեկ այլ գրառմամբ Զառա Հովհաննիսյանը ներկայացնում է, թե ով էր այդ տղամարդը։ «․․․ պարզվում է, որ նրա երկու երեխաների հայրն է, որը պարբերաբար նրան ենթարկում է բռնության, պարբերաբար աջիկը փորձում է խզել հարաբերությունները, սակայն վախից դրդված չի անում։ Այսօր աղջկա ծննդյան օրն է, և առավոտյան վիճաբանությունից հետո կինը որոշել է էլ տուն չվերադառնալ, իսկ զուգընկերը վերադարձել է նրա աշխատավայր՝ վրեժխնդիր լինելու։ Նա ասում էր, որ իրեն կսպանի, ու եթե ես չհասնեի, չկանգնեի նրանց միջև, մի գուցե էդպես էլ լիներ։ Աշխատավայր է հասնում աղջկա մայրը ու արցունքն աչքերին պատմում 10 տարվա տառապալից կյանքը, թե ինչ դժոխքի մեջ են իրենք ու պրծում չունեն։ Զանգում եմ ոստիկանություն, գալիս են ոստիկաններն ու նրանց ուղեկցությամբ գնում ենք բաժին»։

Ո՞վ է բռնարարը

«Ինչպես ավելի ուշ պարզեցի, կնոջը փողոցում դաժան ծեծի ենթարկողը անցած տարի [նախանցած տարի – խմբ․] ծեծի հետևանքով մահացած ազատամարտիկ Վարդան Թումանյանի գործով մեղադրյալներից Գևորգ Սարգսյանն է՝ մականունը «Ջունգլ»։ Գործով բոլոր չորս մեղադրյալները ազատության մեջ են, ու նրանցից մեկն այսօր փողոցում, աչքիս առաջ քիչ մնաց էլի մարդ սպանի։ Ահա մեր դատաիրավական համակարգի պատկերը և անպատժելիությունը, որը ծնում է նոր հանցագործություններ»։

ՍիվիլՆեթը Ազատամարդ հաղորդաշարի ընթացքում անդրադարձել էր Վարդան Թումանյանի սպանության գործին։

Մեկնաբանել