ՄԻՊ աշխատակիցները բանտում այցելել են Արարատ Խանդոյանին

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Արարատ Խանդոյանին՝ «Սանսա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի եղբորը։

Նոյեմբերի 25-ի վաղ առավոտյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, անհապաղ այց է կատարվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Արարատ Խանդոյանին, հաղորդում է ՄԻՊ գրասենյակը։ Լրատվամիջոցները տեղեկություններ էին հրապարակել, որ Արարատ Խանդոյանի պահման պայմանները շատ վատ են։

«Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները քրեակատարողական հիմնարկի պատժախցում առանձնազրույց են ունեցել Արարատ Խանդոյանի հետ, ուսումնասիրել նրա պահման պայմանները: Առանձնազրույցի ընթացքում՝ Ա. Խանդոյանը նշել է, որ թեև իրեն տրամադրել է էլեկտրական ջեռուցիչ, այդուհանդերձ պատժախցում ցուրտ է: Պարզվել է, որ ապակին կոտրված է, և այդ հատվածն Ա. Խանդոյանը բարձով է ծածկել: Արարատ Խանդոյանը տեղեկացրել է նաև իր մոտ հիվանդությունների առկայության մասին:

Արձանագրելով պատժախցի պատուհանի ապակու կոտրված լինելու հանգամանքը՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից տեղում բարձրացվել է խնդիրը: Քրեակատարողական հիմնարկի կողմից նույն օրը խցի պատուհանին տեղադրվել է նոր ապակի՝ լուծելով հարցը»:

Արարատ Խանդոյանը ձերբակալվել է հուլիսին՝ ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելուն օժանդակելու կասկածանքով։ Նրա եղբայրը՝ Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ), Էրեբունու ՊՊԾ գնդի վրա հարձակված Սասնա ծռեր խմբավորման ղեկավարներից էր։ (

Լուսանկարը՝ Ռուբինա Մարկոսյանի, ՍիվիլՆեթ, Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելուց հետո Սասնա ծռերը գետնին էին գցել և ջարդել Սերժ Սարգսյանի նկարը)։

Մեկնաբանել