Թուրքիայի տնտեսությունը կարող է փլուզվել․ Տարոն Աճեմօղլու

Թուրքական տնտեսությունը կարող է մեկ-երկու տարուց փլուզվել, եթե քաղաքական գործիչները Արևմուտքին ցույց չտան, որ տնտեսությունը հուսալի է․ Hurriyet պարբերականի հետ զրույցում այսպիսի կանխատեսում է արել Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, աշխարհի տասը ամենաշատ վկայակոչվող տնտեսագետներից Տարոն Աճեմօղլուն։

«Տնտեսական աճը ծագում է սպառումից, իսկ սպառմանը նպաստում են վարկերը։ Սա կայուն չէ։ Մեզ շատ քիչ ժամանակ է մնում։ Շինությունը դեռ չի քանդվել, սակայն կարող է։ Կարող է ճգնաժամ լինել»,- կարծիք է հայտնել աշխարհահռչակ տնտեսագետը՝ հավելելով, որ դա կարող է տեղի ունենալ մեկ-երկու տարուց։

Աճեմօղլուի խոսքով՝ Թուրքիան դեռ շարունակում է գրավել կարճաժամկետ օտարերկրյա կապիտալ, որը թույլ է տալիս նեղացնել ընթացիկ հաշվեկշռի դեֆիցիտը, այդուհանդերձ, դա կարող է փոխվել, երբ Թուրքիան դժվարություններ ունենա իր պարտքերը մարելու համար վարկ վերցնելիս։

Օտարերկրյա կապիտալը դուրս է բերվում

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելը շահարկվում է՝ Թուրքիայից օտարերկրյա կապիտալի արտահոսք առաջացնելու համար, և Թրամփի նախագահության օրոք ակնկալվում է տոկոսադրույքների աճ, իսկ դա կարող է բերել թուրքական շուկայից օտարերկրյա կապիտալի դուրսբերման, նախազգուշացնում է Աճեմօղլուն։

Թուրքիայի դրական ընկալումը դեռ ուժի մեջ է։ Սակայն օտարերկրյա կապիտալը աստիճանաբար դուրս է բերվում։ Այդ պատճառով թուրքական լիրան արժեզրկվել է ԱՄՆ դոլարի հանդեպ, նկատում է տնտեսագետը։

Նրա համոզմամբ՝ երկարաժամկետ հեռանկարում Թուրքիան պետք է Արևմուտքին ցույց տա, որ իր տնտեսությունը զարգանում է, քանի որ օտարերկրյա միջոցները Թուրքիա են ներհոսում Արևմուտքի կողմից տարածվող հաղորդագրությունների և հայտարարությունների շնորհիվ։

«Մենք ձևավորում ենք մեր արտաքին քաղաքականությունը մեր ներքին քաղաքականության հիման վրա։ Դա լավ չէ»,- փաստել է տնտեսագիտության պրոֆեսորը։

Մամուլի ազատությունը կարևոր է

Եվս մեկ բան․ ինչպես շեշտում է Աճեմօղլուն, տնտեսական զարգացումը մեծապես կորելացվում է խոսքի ազատության հետ։

Նրա համոզմամբ՝ երկարաժամկետ զարգացման համար առանցքային են թափանցիկությունը, համապարփակությունը և մրցունակությունը։

«Դա շատ դժվար է ապահովել այնտեղ, որտեղ չկա մամուլի ազատություն։ Այդ դեպքում խորանում են մենաշնորհացումը, դատական համակարգի կոռումպացվածությունը և բռնապետական համակարգը»,- նշել է տնտեսագետը։

Աճեմօղլուն, այդուհանդերձ, լավատես է Թուրքիայում սոցիալական փոփոխությունների հարցում։ Նա կարծում է, որ այսօր Թուրքիայի ենթակառուցվածքներն ու տնտեսական արդիականացումը շատ ավելի առաջ են, քան 1990-ականներին։

«Այս պահին մենք ավելի զարգացած ենք և ավելի բաց հասարակություն ենք։ Չնայած մամուլում տիրող իրավիճակին և աճող ավտորիտարիզմին՝ Թուրքիան այսօր ավելի բաց է, քան նախկինում։ Այն ընկալում է արտաքին աշխարհը սոցիալական մեդիայի միջոցով։ Թուրք ժողովրդի մտահորիզոնը ավելի լայն է։ Կան բաներ, որոնք լավատեսություն են ներշնչում ապագայի հանդեպ»,- եզրակացրել է տնտեսագետը։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել