Սիրիայի կառավարական զորքերի առաջխաղացումը հույս է ներշնչել հայերին․ հալեպահայ գործիչ

Հալեպահայերն ընկճված են, սակայն վերջին երեք օրերին կառավարական զորքերի արձանագրած առաջխաղացումը դեպի քաղաքի արևելյան թաղամասեր հույս է ներշնչել և լավատեսական տրամադրություն ստեղծել․ այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Հալեպում բնակվող հրապարակախոս Մանուել Քեշիշյանը (Մանուէլ Քեշիշեան):

«Երեկ երեկոյան անձամբ եմ տեսել բազմաթիվ ավտոբուսներ, որոնք քրդական թաղամաս Շեյխ Մագսուտի անցքից տեղափոխում էին արևելյան թաղամասերից փախուստի դիմած կանանց, երեխաների, ծերունիների»,- ասաց նա:

Քեշիշյանը նշեց, որ մեկ շաբաթ է՝ Հալեպի հայկական թաղամասերում ինքնաշեն տիպի ռումբ-հրթիռների անձրև էր տեղում, հայկական դպրոցների մի մասը փակ էր․ «Բարեբախտաբար հայերի վնասները միայն նյութական էին, թեև մեծապես ցնցվեցին բոլորը, երբ մի շաբաթ առաջ մեր շրջանի հեռու թաղամասերից դպրոցի վրա արձակված հրթիռից տասնյակ աշակերտներ սպանվեցին և վիրավորվեցին»:

Նա տեղեկացրեց, որ չնայած ծանր կացությանը՝ Հայկական մարմնակրթական ընդհանուր միությունը նշել է «Մարզիկ» թերթի հրատարակության 35-ամյակը: Նոյեմբերի 27-ին ելույթ է ունեցել Հայ երիտասարդաց ընկերակցության «Փունջ» հարյուրհոգանոց պարախումբը:

Քեշիշյանի խոսքով՝ մյուս կողմից շարունակում են արձակվել տարբեր տեսակի ռումբեր։ «Պետական զորքերը շարունակում են առաջանալ և ամեն վայրկյան կոչ ուղղել զինյալներին՝ հաշտվելու: Կոչերի մեջ հաճախ նկատելի է «ահաբեկիչ» բառի փոխարեն «զինյալ» բառի գործածությունը, «հաշտություն» և «երկխոսություն» բառերի գործածությունը»,- ասաց նա: