Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ընդլայնել է իր ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզը (Caroline Douilliez)։
Կարոլին Դույեզը կիրակի ներկա էր Ծաղկաձորում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ ուսանողական մրցույթին։
Նա նշում է երկու պատճառ, թե ինչու է որոշվել ընդլայնել ու լրացուցիչ ռեսուրսներ ներգրավել Ղարաբաղում։ «Ապրիլյան իրավիճակից հետո անմիջապես առաջ եկան մարդասիրական կարիքներ, եղան հետևանքներ։ Խոսքը, օրինակ, տարհանված ընտանիքներին աջակցությունն էր։ Երկրորդ՝ ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր գործող կարողությունները Ղարաբաղում այդքան էլ բավարար չեն, որ կարողանանք արագ ու արդյունավետ գործել։ Այնտեղ մեր ներկայությունն ու կարողությունները ավելացնելով՝ մենք ավելի պատրաստ ու համապատասխան ենք իրավիճակին»,- ասաց ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը։
Ապրիլյան պատերազմի ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների մասին խոսելով՝ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարն ասում է, որ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերաբերյալ իրենք գաղտնի, կոնֆիդենցիալ հանդիպումներ են ունենում հակամարտող կողմերի հետ.
«Մենք աջակցում ենք, որ տեղում պատրաստվեն փորձագետներ, որոնք կկարողանան համապատասխան աշխատանք տանել կառավարության հետ իրավունքի այս խախտումների մասով։ Մեր ուշադրության կենտրոնում պահելով մարդասիրական հարցերը՝ մենք երբևիցե հրապարակային չենք հաստատում կամ հերքում որևէ խախտում որևէ կողմից»։
Միջազգային մարդասիրական իրավունքի դատախաղ-մրցույթ
Նոյեմբերի 25-27-ը Ծաղկաձորում անցկացվեց դատախաղ-մրցույթ՝ միջազգային մարդասիրական իրավունքի թեմայով։ Մրցույթին մասնակցող հինգ ուսանողական թիմերին այդ ոլորտի փորձագետները գործնական խնդիրներ էին առաջադրում՝ կապված կոնկրետ մարդասիրական իրավունքի հետ տարբեր իրավիճակներում։ Արդյունքում հաղթող ճանաչվեց Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի թիմը։
Կարոլին Դույեզն ասում է՝ այս միջոցառման նպատակն է միջազգային մարդասիրական իրավունքը դարձնել ճանաչելի.
«Առանձնահատուկ կարևորություն ունի այս իրավունքի գիտակցման տարածումը այս տարածաշրջանում, որը կապված է հակամարտությունների հետ։ Կարևոր ենք համարում նմանատիպ մասնագետների առկայությունը, որոնք կարող են իրենց ծառայությունները մատուցել մի իրավիճակում, մի տեղում, որը հակամարտության ազդեցության գոտի է»։
Մկրտիչ Կարապետյան