ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը դատապարտում է կանանց դեմ բռնության դեպքերը Երևանում

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որում «խորապես դատապարտում է» կանանց նկատմամբ բռնության վերջին դեպքերը Երևանում, որոնց լայնորեն արձագանքել են լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը։

«Մի դեպքում 37-ամյա կինը, 2016թ. նոյեմբերի 25-ին մահացու վնասվածք է ստացել մտերիմ ընկերոջ կողմից Շենգավիթ վարչական շրջանում, մյուս դեպքում էլ, 2016թ. նոյեմբերի 26-ին, կինը Տերյան փողոցում, օրը ցերեկով, բազում անցորդների մոտ, դաժանորեն ծեծի է ենթարկվել իր ամուսնու կողմից:

Դաժան ու հեգնական է, որ այս դեպքերը տեղի են ունեցել այն օրերին, երբ Միավորված ազգերի կազմակերպությունը՝ միջազգային գործընկերների, ազգային  իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ համատեղ, նշում է Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյա քարոզարշավը, որն ամեն տարի նշվում է նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը:

Ընտանեկան բռնությանը վերջ տալը, որը մարդու իրավունքների լուրջ ոտնահարում է, և հանցագործներին պատասխանատվության ենթարկելը պետք է առաջնահերթություն լինի ոչ միայն իրավապահ մարմինների, այլև մեր հասարակության յուրաքանչյուր քաղաքացու համար: Անտարբերությունը նույնքան անընդունելի է, որքան ինքը հանցագործությունը, և Միավորված ազգերի կազմակերպությունը որոշել է կատարել իր իսկ առաքելությունը, այն է՝ ապահովել, որ նման դեպքերը անպատիժ չմնան»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նշում է, որ այս դեպքերը ևս մեկ անգամ ապացուցում են Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման հրատապությունը: «Մենք կոչ ենք անում մեր գործընկերներին, ՀՀ կառավարությանը և ՀՀ Ազգային ժողովին որքան հնարավոր է շուտ կյանքի կոչել այս իրավական պաշտպանության մեխանիզմը, քանզի ցանկացած հետագա հապաղում կարող է ավելի շատ մարդկային կյանքեր խլել»,- ասված է հայտարարության մեջ:

Լուսանկարը՝ ՍիվիլՆեթի