Փաստեր, որոնք տեղ չգտան Սերժ Սարգսյանի ելույթներում

Սերժ Սարգսյանը շաբաթ օրը իշխող ՀՀԿ-ի համագումարում երկու ելույթ ունեցավ:

Ավելի քան մեկ ժամ տևած հաշվետու զեկույցում նա շրջանցեց իր նախագահության ութուկես տարիների բազմաթիվ ձախողումներ:

Առաջին՝ Սարգսյանը չխոսեց Հայաստանը հալումաշ անող արտագաղթի մասին: 2008թ․ ի վեր երկրից հեռացել է շուրջ 310 հազար մարդ կամ միջինը օրական 100 մարդ: Այսինքն` Սարգսյանի նախագահության ամեն օր իր տունուտեղը լքում է 100 մարդ:

Երկրորդ՝ Սարգսյանը չխոսեց Հայաստանի պետական պարտքի մասին: 2008թ․ ի վեր պարտքը եռապատկվել է՝ 2 միլիարդից հասնելով գրեթե 6 միլիարդի, որը արդեն համախառն ներքին արդյունքի 50 տոկոսից ավելին է:

Երրորդ՝ Սարգսյանը հայտարարեց, որ «Բաքուն գրավելու և կապիտուլյացիա պարտադրելու ռազմաքաղաքական խնդիր չենք հետապնդում», սակայն շրջանցեց 1994թ․ մայիսյան զինադադարից ի վեր հայկական կողմի տարածքային կորուստները Թալիշի և Լելե Թեփեի բարձունքներում:

Չորրորդ՝ Սարգսյանը շրջանցեց օտարերկրյա ներդրումների թեման: Վերջին տարիներին ներդրումները նվազում են ոչ թե տոկոսներով, այլ անգամներով: Համեմատության համար ասենք, որ հարևան Վրաստանում ներդրումները 20 անգամ ավելի մեծ ծավալներ ունեն:

Հինգերորդ՝ Սարգսյանը հայտարարեց, որ ժողովրդի բարեկեցությունը էականորեն աճել է: Գուցե ժողովրդի մի հատվածի կենսամակարդակը բարձրացել է, սակայն փաստ է, որ եթե 8 տարի առաջ աղքատությունը 20 տոկոսի սահմաններում էր, ապա այսօր այն հասել է 30 տոկոսի:

Վեցերորդ՝ Սարգսյանը խոսեց բանկային ավանդների ավելացման մասին, ինչը իրականություն է, սակայն կա մյուս երեսը. Հայաստանի բնակիչների կեսից ավելին վարկեր է վերցրել բանկերից, իսկ ավելի հասկանալի լեզվով՝ տոկոսի տակ է:

Յոթերորդ՝ Սարգսյանը խոսեց տնտեսության աճի մասին, երբ Հայաստանի պետական բյուջեն դոլարային արտահայտությամբ այսօր չի հասել 2008թ․ մակարդակին: Ընդհանրապես, Հայաստանի տնտեսությունը դրական ներկայացնելը հակասում էր վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ընդամենը շաբաթներ առաջ ասվածին, ըստ որի՝ Հայաստանի տնտեսությունը գտնվում է շատ ծանր վիճակում:

Ութերորդ՝ Սարգսյանը չխոսեց իր և ՀՀԿ-ի՝ նախագահական և խորհրդարանական ընտրություններում, ինչպես նաև տարբեր ամբիոններից տրված խոստումների մասին, որոնք իրականություն չեն դարձել:

Ահա այդ շարքից մի քանի օրինակ՝

ա) 2008թ․ հոկտեմբերին Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկա ամիսներին Հայաստանում նոր ատոմակայան է կառուցվելու. ութ տարի է անցել խոստումից, իսկ այդ ուղղությամբ որևէ քայլ չի արվել,

բ) 2008թ․ հոկտեմբերին Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը. ութ տարի է անցել խոստումից, իսկ այդ ուղղությամբ որևէ քայլ չի արվել,

գ) 2013թ․ մարտի 18-ին Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի այն կառավարությունը, որը տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013թ․, 2014թ․, 2015թ․, 2016թ․, 2017թ․, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա: Ոչ մի կառավարություն նման աճ չի արձանագրել, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը 2016թ․ համար նախատեսում է 3 տոկոսի աճ:

դ) 2014թ․ ապրիլին, երբ Սարգսյանը նոր էր նախաձեռնում սահմանադրական փոփոխությունների գործընթացը, հայտարարել էր, որ այլևս երբեք չի առաջադրվելու Հայաստանի նախագահի պաշտոնի համար, չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Այսօր, սակայն, Սարգսյանը և ՀՀԿ-ն չեն պնդում նույնը:

ՀՀԿ նախագահ վերընտրվելուց հետո Սերժ Սարգսյանը ունեցավ ևս մեկ ելույթ, որը արդեն բարոյախրատական էր: Այդ ելույթում չկար քաղաքական միտք ու ուղերձ: