Ալիևը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին ԼՂ հարցում դիրքորոշման համար

Բելառուսն ու Ադրբեջանը հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ «միջազգային իրավունքի նորմերի հիման վրա կարգավորման օգտին, առաջին հերթին՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և պետության սահմանների անխախտելիության սկզբունքների, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ համապատասխան որոշումների համապատասխան»։ Այս մասին ասված է նոյեմբերի 28-ին Բաքվում Ադրբեջանի և Բելառուսի նախագահներ Իլհամ Ալիևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի համատեղ հայտարարության մեջ։

Ինչպես հաղորդում է բելառուսական Belta գործակալությունը, պետության ղեկավարները ընդգծել են ԵԱՀԿ շրջանակում ԼՂ հակամարտության խաղաղ լուծմանն ուղղված ջանքերին հավելյալ քաղաքական խթան հաղորդելու կարևորությունը։

Լուկաշենկոն և Ալիևը ստորագրել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող փաստաթղթեր։

Ինչպես հայտարարել է Բելառուսի նախագահը, բելառուսա-ադրբեջանական հարաբերությունները կրում են «շատ անկեղծ, բարեկամական բնույթ»։

Ալիևը բելառուսական կողմին շնորհակալություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում դիրքորոշման համար։

Բաքվում Ալեքսանդր Լուկաշենկոն պարգևատրվել է Հեյդար Ալիևի անվան շքանշանով։

Մեկնաբանել