«Ջունգլ»-ի կողմից կնոջը ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Դատախազը քրեական գործ է հարուցել «Երևանի փողոցներից մեկում «Ջունգլ»-ը ծեծի է ենթարկել կնոջը» վերտառությամբ հրապարակման և քաղաքացի Հ.Մ.-ի հաղորդման ուսումնասիրմամբ, հաղորդում են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) հատկանիշներով։

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

Հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում օրերս ներկայացրել էր, թե ինչպես է տղամարդը Երևանի կենտրոնում՝ Տերյան փողոցում, դաժան ծեծի ենթարկում կնոջը՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով մարմնի տարբեր հատվածներին, մազերից քարշ տալիս ասֆալտին։

Հետագայում պարզվել էր, որ կնոջը ծեծի ենթարկողը նախանցած տարի ծեծի հետևանքով մահացած ազատամարտիկ Վարդան Թումանյանի գործով մեղադրյալներից Գևորգ Սարգսյանն է՝ մականունը «Ջունգլ»։

Կնոջը ծեծի ենթարկելու դեպքից հետո՝ շաբաթ լույս կիրակի գիշերը, «Ջունգլ»-ին դանակահարված վիճակով տեղափոխել են «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ներկայում նրա վիճակը կայուն է։

Մեկնաբանել