Սիրիայի կառավարական ուժերը գրավել են արևելյան Հալեպի տարածքի ավելի քան մեկ երրորդը՝ իրենց վերահսկողության տակ վերադարձնելով քաղաքի 12 թաղամասեր, հաղորդում է BBC-ն։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդում է կառավարական ուժերի կողմից արևելյան Հալեպի տարածքի 40 տոկոսի գրավման մասին։ Այդ թաղամասերի բնակիչներին ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, տաք սնունդ, ջուր և առաջին անհրաժեշտության պարագաներ։
Սիրիայի պետական հեռուստատեսության տվյալներով՝ սիրիացի զինծառայողներն ականազերծում են գրավված տարածքները և շարունակում են առաջխաղացումը։
Սիրիայի պետական SANA գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդում է, որ բանակը դաշնակիցների օժանդակությամբ նոյեմբերի 28-ին «ճշգրիտ» գործողություններ է իրականացրել ահաբեկչական խմբավորումների դեմ Հալեպի արևելքում՝ վերականգնելով անվտանգությունն ու կայունությունը Ալ-Հայդարիա և Ալ-Սախուր թաղամասերում։
Euronews հեռուստաալիքը հաղորդում է, որ հազարավոր բնակիչներ ապաստան են գտնում կառավարական ուժերի և քրդական խմբավորումների վերահսկողության տակ անցած տարածքներում։
Euronews-ը շեշտում է, որ Սիրիայի երկրորդ խոշորագույն քաղաք Հալեպի գրավումը շատ կարևոր է սիրիական բանակի համար։
Telegraph-ը մատնանշում է, որ Հալեպի համար մղվող չորս տարվա պայքարում շրջադարձ է տեղի ունեցել ի օգուտ Ասադի վարչակարգի։
Բրիտանական պարբերականը շեշտում է, որ հաղթանակը Հալեպում կարող է ճանապարհ հարթել Ասադի կողմից Սիրիայի խոշորագույն քաղաքների հանդեպ վերահսկողության հաստատման համար՝ «ուժեղացնելով նրա դիրքերը երկրի ներսում և միջազգային ասպարեզում»։
Հալեպի արևելյան մասը զինյալների վերահսկողության տակ էր գտնվում չորս տարի։
Երկու շաբաթ առաջ կառավարական զորքերն ու նրանց դաշնակիցները լայնամասշտաբ գործողություններ են սկսել Հալեպում։ Որոշ գնահատականներով՝ քաղաքում շարունակում է մնալ 250 հազ․ մարդ։ Իրավապաշտպանները հայտարարում են, որ տեղի գրեթե բոլոր հիվանդանոցները ավերված են, կա պարենի և դեղորայքի սուր պակաս։
Սիրիայի կառավարական զորքերի առաջխաղացումը հույս է ներշնչել հայերին․ հալեպահայ գործիչ
Հալեպահայերն ընկճված են, սակայն վերջին երեք օրերին կառավարական զորքերի արձանագրած առաջխաղացումը դեպի քաղաքի արևելյան թաղամասեր հույս է ներշնչել և լավատեսական տրամադրություն ստեղծել, ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել էՀալեպում բնակվող հրապարակախոս Մանուել Քեշիշյանը (Մանուէլ Քեշիշեան):
«Երեկ երեկոյան անձամբ եմ տեսել բազմաթիվ ավտոբուսներ, որոնք քրդական թաղամաս Շեյխ Մագսուտի անցքից տեղափոխում էին արևելյան թաղամասերից փախուստի դիմած կանանց, երեխաների, ծերունիների»,- նշել է նա: