2017-ի խորհրդարանը կունենա քննիչ հանձնաժողով

Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը կփոխվի, և հաջորդ գումարման խորհրդարանը կաշխատի նորացված ձևաչափով։

Նոյեմբերի 29-ին ԱԺ արտահերթ նիստում ՀՀԿ-ական պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ԱԺ-ին ներկայացրեց «Կանոնակարգ օրենքի» փոփոխություների նախագիծը։ Համաձայն այդ նախագծի՝ առաջարկվում է ԱԺ ներմուծել երկու նորագույն ինստիտուտ՝ քննիչ հանձնաժողով և կոլեգիալ խորհուրդ։ Հովհաննես Սահակյանի պնդմամբ՝ քննիչ հանձնաժողովը լինելու է ընդդիմության հիմնական գործիքակազմ՝ վերահսկողական գործառույթն իրականացնելիս։ Ըստ այդմ՝ քննիչ հանձնաժողովը ձևավորվելու է պատգամավորների մեկ քառորդի պահանջով և իրավունքի ուժով։ Այն ունենալու է հասարակության հետաքրքրության և ԱԺ իրավասության տակ եղած հարցերը ուսումնասիրելու, քննարկումներ կազմակերպելու և պատկան մարմիններին ու պաշտոնատար անձանց քննարկումներին հրավիրելու իմպերատիվ լիազորություն։ Քննիչ հանձնաժողովը քննելու է վիճահարույց հարցերը և հանդես է գալու զեկույցով, որն իր հերթին քննվելու է ԱԺ-ում և ուղարկվելու է հասցեական անձանց, որոնք պարտավոր են անհապաղ տալ պատասխաններ։ Ստացած պատասխանները տեղադրվելու են ԱԺ կայքում։

«Եթե կլինեն հարցեր, որոնք առերևույթ կպարունակեն հանցակազմ, ապա հանձնաժողովի անդամները ազատ են իրենց գործողություններում և կարող են ցանկության դեպքում հարցն ուղարկել իրավապահ մարմիններին»,- ասաց Հովհաննես Սահակյանը՝ հավելելով, որ «Կանոնակարգ օրենքը» փոխելիս հիմք են ընդունել նոր Սահմանադրության դրույթները։

Հաջորդ նորարարությունը խորհրդի ստեղծումն է։ «Խորհուրդը այն կարևոր մարմինն է, որը քննարկելու և ձևավորելու է ԱԺ քառօրյա աշխատանքների օրակարգը»,- ասաց Հովհաննես Սահակյանը՝ հավելելով, որ խորհուրդը կոլեգիալ մարմին է, որը ձևավորվելու է հանձնաժողովների ներկայացուցիչներից, ԱԺ նախագահից և տեղակալներից։

Հաջորդ փոփոխությունը քառօրյա աշխատանքների երկուշաբթի օրվա աշխատանքային ձևաչափի փոփոխությունն է։ Քառօրյա աշխատանքների առաջին օրը՝ երկուշաբթին, սահմանվում է՝ որպես խորհրդի նիստերի օր, որտեղ կքննարկվեն այն հարցերը, որոնք պետք է դառնան լիագումար նիստերի աշխատանքի առարկան։ Օրակարգի հաստատումից հետո միայն հաջորդ օրը կմեկնարկի լիագումար նիստը, որը կարող է ներկա չորս օրերի փոխարեն ձգվել մինչև օրակարգ մտած հարցերի սպառումը։ Փոխվելու է նաև նիստերի աշխատանքային ժամանակացույցը։ Ներկա 12:00-ի փոխարեն առաջարկվում է նիստերը սկսել առավոտյան ժամը 10:00-ին և ավարտել 18:00-ին, ինչը, սակայն, անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել մինչև կեսգիշեր։

Առաջարկվում է փոխել նաև օրենսդրական գործընթացը։ Եթե նախկինում օրենքներն ընդունվում էին հիմնականում երկու ընթերցմամբ, և/կամ հեղինակի նախաձեռնությամբ առաջարկվում էր նաև երրորդ ընթերցումը՝ օրենքը խմբագրելու համար, ապա այս նախագծով օրենքի մշակման ծանրաբեռնվածությունը տեղափոխվում է հանձնաժողովներ՝ նախագծերի հիմնական քննարկումները տեղի կունենան հանձնաժողովներում։ Այն նախագծերը, որոնք հանձնաժողովներում կստանան բացասական եզրակացություն, ԱԺ լիագումար նիստում կքննարկվեն արագացված կարգով։

Հաջորդ փոփոխությունն արտահերթ նիստերի հրավիրման կարգն է։ Գործող օրենքով ԱԺ արտահերթ նիստերը նախաձեռնվում էին կառավարության նախաձեռնությանբ և նախագահի ստորագրությամբ։ Առաջարկվող նախագծով կառավարությունն այլևս չի կարող հրավիրել արտահերթ նիստեր, եթե իր կողմից առաջարկված հարցերը հինգ օր առաջ չեն ուղարկվել հանձնաժողովներ, և հանձնաժողովները չեն կազմակերպել անհրաժեշտ քննարկումներ։ Այս մասով նախագիծը սահմանում է բացառություն, որը տարածվում է միայն միջազգային պայմանագրերը վավերացնելու գործընթացի վրա։