Ադրբեջանը կողմ է Համբուրգում ԱԳ նախարարների հանդիպման՝ 2+3 ձևաչափով անցկացմանը

Ադրբեջանը կողմ է այն առաջարկին, որ Համբուրգում դեկտեմբերի 9-ին կայանալիք՝ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումն անցնի 2+3 ձևաչափով, այսինքն՝ հակամարտության կողմերն ու համանախագահ երկրների նախարարները։

«Երբ ես Ֆրանսիայում էի, առաջարկ եղավ, որ հանդիպումն անցնի 2+3 ձևաչափով»,- APA գործակալության փոխանցմամբ՝ ասել է Մամեդյարովը Հարավաֆրիկյան Հանրապետության իր պաշտոնակցի հետ մամուլի ասուլիսին։

Նա նշել է, որ ադրբեջանական կողմը սատարել է այդ առաջարկին։ Մամեդյարովը նաև մեկնաբանել է ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների փոփոխության հարցը․ «Չեմ հավատում, որ համանախագահների փոփոխությունը կարող է որևէ կերպ ազդել։ Ֆրանսիացի նոր համանախագահը ծանոթ է տարածաշրջանին, փորձառու դիվանագետ է։ Օրինակ, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը Մյունխենում տեղի էր ունեցել Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունում, երբ այդ մարդը հյուպատոս էր։ Երևի նա լրջորեն կզբաղվի հարցով։ Հենց Համբուրգում մենք կանցկացնենք վերջին հանդիպումը Ջեյմս Ուորլիքի հետ։ Իսկ հարցը, թե ով է աշխատելու նրա փոխարեն, կախված է Պետքարտուղարությունից։ Ամերիկացի նոր համանախագահի անունը մենք կիմանանք այն բանից հետո, երբ կձևավորվի նոր վարչակազմը»։

Մեկնաբանել