ՌԴ ձերբակալված նախարարն առաջարկում էր կրճատել պետական մասնակցությունը «Ռոսնեֆտ»-ում․ Reuters

Մինչև ձերբակալվելը ՌԴ էկոնոմիկայի նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը գործընկերների հետ մասնավոր զրույցներում առաջարկում էր կրճատել պետական վերահսկողությունը «Ռոսնեֆտ» ռուսաստանյան նավթագազային հսկայի հանդեպ․ այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով իր երկու աղբյուրները։

Դրանցից մեկը պատմել է, որ Ուլյուկաևն առաջարկում էր պետության մասնակցությունը «Ռոսնեֆտ»-ում նվազեցնել 50 տոկոսից ցածր։

Երկրորդ աղբյուրը հաստատել է, որ նախարարը մինչև ձերբակալությունը քննարկում էր այդ գաղափարը մյուս պաշտոնյաների հետ։ 

«Ուլյուկաևը շոշափում էր այդ թեման»,- ասել է աղբյուրը։ 

Reuters-ը շեշտում է, որ չկան որևէ ապացույցներ առ այն, որ Ուլյուկաևի ձերբակալությունը կապված է «Ռոսնեֆտ»-ի հարցում իր դիրքորոշման հետ։

Նոյեմբերի 28-ին Մոսկվայի քաղաքային դատարանը տնային կալանքի տակ էր թողել նախկին նախարարին, որը մեղադրվում է 2 մլն դոլարի չափով կաշառք վերցնելու մեջ։

 

Ուլյուկաևի գործի մասին ավելին՝ Կաշառք վերցնելու համար ձերբակալվել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարը: