Ռուսաստանում քննարկվում է YouTube-ի փակումը

Նոյեմբերի 25-ին Ռուսաստանի Պետդումա է մտցվել օրինագիծ, որը սահմանափակում է առցանց կինոթատրոնների գործունեությունը․ դա կարող է հանգեցնել Ռուսաստանում YouTube-ի աշխատանքի դադարեցմանը․ այս մասին ասված է ՌԴ Մեդիահաղորդակցական միության իրավական հանձնաժողովի եզրակացությունում, որի պատճենին ծանոթացել է «Կոմերսանտ» թերթը։

Օրինագծի համաձայն՝ 2017թ․ հունիսի 1-ից պրոֆեսիոնալ բովանդակությամբ աուդիովիզուալ ծառայությունների կազմակերպիչ ընկերություններում օտարերկրացիների մասնաբաժինը չի կարող գերազանցել 20 տոկոսը։

Օրենքի տակ չեն ընկնում այն հարթակները, որոնցում բովանդակություն են տեղադրում միայն օգտատերերը։

«YouTube-ում տեղադրվում է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ օգտատերերի բովանդակություն, մեկը մյուսից տարբերելու մեթոդաբանություն չկա»,- ասել է թերթի աղբյուրը, որը ծանոթ է նախաձեռնությանը։

Ռուսաստանում մնալու համար YouTube-ի սեփականատերը՝ Google-ը, պետք է լրացուցիչ ենթակառուցվածք ստեղծի կամ հեռանա «օտարերկրյա հարթակներ, ինչը կհանգեցնի կապի բոլոր օպերատորների արտարժութային ծախսերի աճի և ծառայությունների որակի վատթարացման»։

Առցանց կինոթատրոնների հիմնադիր կապիտալում օտարերկրյա մասնաբաժինը մինչև 20 տոկոս կրճատելու առաջարկով օգոստոսին հանդես էր եկել Մեդիահաղորդակցական միությունը, որի ղեկավար Պավել Ստեպանովը «Կոմերսանտ»-ին ասել էր, որ դրանք «հիմնավորված փոփոխություններ» են, որոնցում ոչ մի «սարսափելի բան չկա»։ Նա նաև հայտարարել էր, որ օրենքը չի տարածվելու սոցցանցերի և YouTube-ի վրա։

«Կոմերսանտ»-ի՝ Googlе ուղարկած հարցմանը չեն պատասխանել։

Մեդիահաղորդակցական միության մեջ են մտնում ռուսաստանյան կապի խոշորագույն օպերատորները՝ ՄՏՍ, Վիմպելկոմ, ՄեգաՖոն, Ռոստելեկոմ, ԷՐ-Տելեկոմ, ՏՏԿ, Տրիկոլոր ՏՎ, ինչպես նաև Գազպրոմ մեդիա, Ազգային մեդիախումբ, ՍՏՍ Մեդիա և այլ մեդիահոլդինգներ։

Ըստ «Կոմերսանտ»-ի տեղեկությունների՝ նախաձեռնության դեմ են հանդես գալիս Վիմպելկոմն ու ՄՏՍ-ը։ Փոփոխությունները նախաձեռնել են «Գազպրոմ մեդիա»-ն և «ՍՏՍ Մեդիա»-ն։

2016թ․ սկզբին Ռուսաստանում մինչև 20 տոկոս սահմանափակել էին օտարերկրյա մասնակցությունը լրատվամիջոցներում։ Օրենքի համաձայն՝ ընկերությունները և կազմակերպությունները, որոնք ավելի քան 20 տոկոսով պատկանում են օտարերկրացիների, արգելված է հավատարմագրել։

Մեկնաբանել