Հայաստանում ծավալվում է «փափուկ» և «կոշտ» ուժերի միջև դրամա․ Foreign Policy

Հայաստանի հարթակում ծավալվում է «փափուկ» և «կոշտ» ուժերի միջև դրամա, գրում է ամերիկյան Foreign Policy ամսագիրը։

Էմիլի Տամկինի՝ «Հայաստանը բառացիորեն միավորում է զինված ուժերը Ռուսաստանի հետ» վերնագրով հոդվածն անդրադառնում է այս շաբաթ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանության հայտարարությանը, որի համաձայն՝ Վաշինգտոնը Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի կառավարությունների հետ համատեղ ֆինանսական աջակցություն կցուցաբերի Հայաստանի նոր ընտրական գործընթացին, որը միտված է ընտրակեղծարարության կրճատմանը:

«Ազատ, առանց սահմանափակումների ու վստահարժան ընտրությունները բացարձակ անհրաժեշտ բաղադրիչն են այն ճանապարհի, որը տանում է դեպի այս նպատակը»,- մեջբերելով հայտարարության եզրափակիչ մասը՝ Տամկինը հարցադրում է անում, թե արդյոք դա նշա՞ն է, որ Հայաստանը պատրաստվում է ամրապնդել կապերը ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի հետ։

«Ոչ այնքան»,- պատասխանում է հեղինակը։ Նա գրում է նոյեմբերի 27-ից 30-ը Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի մասին, որի ընթացքում նախատեսված է հանդիպում ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ և Հայաստանի և Ռուսաստանի ԶՈՒ-ի միջև միջպետական միացյալ զորամիավորման մասին համաձայնագրի ստորագրում։

«Այս համաձայնագրով Ռուսաստանը կունենա Հայաստանին իբր պաշտպանելու համար իր զինված ուժերն օգտագործելու օրինական հնարավորություն»,- ասված է հոդվածում։

Foreign Policy-ի հեղինակը մեջբերում է նաև Վիգեն Սարգսյանի՝ ռուսական «Իզվեստիա»-ին տված հարցազրույցից հատված, որում նա խոսում է հայ-ռուսական «երկարաժամկետ դաշնակցային հարաբերությունների», «բարեկամության» և «եղբայրության» մասին։

«Այն, որ Ռուսաստանը Հայաստանին է՛լ ավելի է մոտեցնում իրեն, ոմանց վշտացնում է Ադրբեջանում, որտեղ որոշ օրենսդիրներ պահանջում են վերանայել երկրի հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- գրում է Տամկինը՝ մատնանշելով հայ-ադրբեջանական ծանր հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որում Ռուսաստանը խաղաղարարի դերակատարություն ունի։

Հոդվածագիրը արևմտյան դիտորդներին կոչ է անում շատ չոգևորվել։

«Եթե անհավանական է, որ Հայաստանը կհրաժարվի Ռուսաստանից հանուն ԱՄՆ-ի ընտրական «գրկախառնության», է՛լ ավելի անհավանական է, որ Ադրբեջանը երես կթեքի Ռուսաստանից և կբռնի իրական ժողովրդավարության ճանապարհը»,- եզրափակում է Էմիլի Տամկինը։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել