«Ավրորա 2017»-ը կտևի մեկ ամսից ավելի

2017թ․ «Ավրորա» մարդասիրական մրցանակի միջոցառումները տևելու են ոչ թե երեքից չորս օր, այլ մեկ ամսից ավելի․ այս մասին այսօր Մատենադարանում հրավիրված ասուլիսին ասաց «Ավրորա» նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը։

Նա նշեց, որ միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 24-ին․ այդ օրը Հայաստանում կներկայացվեն 2017թ․ «Ավրորայի» հավակնորդները։ Միջոցառումները կշարունակվեն մինչև մայիսի 28-ը, երբ կկայանա «Ավրորա 2017» մրցանակաբախությունը, և հայտնի կդառնա դափնեկիրը։

Ջիլավյանի խոսքով՝ սրանում իրենք տեսնում են շատ կարևոր սիմվոլիզմ։ «Մենք տեսնում ենք ճանապարհ մահից մինչև կյանք, ճանապարհ հուսահատությունից մինչև հույս, ճանապարհ սպանությունից, դժոխքից մինչև հաղթանակ։ «Ավրորայի» իմաստը գիտեք՝ այդ է։ Եվ հայ ժողովուրդը, որին փորձեցին ոչնչացնել, որին փորձեցին ջնջել աշարհի պատմությունից և աշխարհի երեսից ապրիլի 24-ին, այն փրկյալ հայերը հիմնականում մի քանի տարի հետո ստեղծեցին առաջին հայկական հանրապետությունը, և դա շատ կարևոր սիմվոլիզմ է»,- ասաց նա։

«Ավրորա» նախաձեռնության ղեկավարը նշեց, որ բացի Հայաստանում կայանալիք միջոցառումներից, կլինեն միջոցառումներ նաև աշխարհի տարբեր կենտրոններում՝ և՛ քաղաքական, և՛ տեղեկատվական։ Նախատեսված են նաև բավականին լուրջ մասնագիտացված քննարկումներ, որոնք կընթանան «Ավրորայի երկխոսություններ» (Aurora dialogues) կոնֆերանսի ներքո։ Բացի յադ՝ նախատեսվում է «Ավրորայի» ստեղծարար շրջանակում տարբեր ձևերով ներգրավել Հայաստանի և Սփյուռքի հասարակությանը։ 

Պատասխանելով հարցին, թե Ընտրող հանձնաժողովի անդամ, օսկարակիր դերասան Ջորջ Քլունին դարձայլ գալու է Հայաստան՝ մասնակցելու մրցանակաբաշխությանը՝ Ջիլավյանն ասաց, որ իր ունեցած տեղեկատվության համաձայն՝ այո, գալու է․ նրա հետ համագործակցությունը շարունակվում է։ «Գալու է, ցանկանում է, մեզ հետ է, և հուսով եմ՝ ոչինչ չի խանգարելու դրան»,- ասաց նա։

Մրցանակի մասին

«Ավրորա» մրցանակը հիմնել են գործարարներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը և «Կարնեգի» կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը: Մրցանակն Ավրորա Մարդիգանյանի անունն է կրում, որը Հայոց ցեղասպանության տարիներին երեխա էր, երբ հոր և եղբայրների սպանության ականատեսը դարձավ։ Հաղթահարելով բոլոր վտանգները՝ նա ողջ մնաց և աշխարհին պատմեց 1915թ. տեղի ունեցած վայրագությունների մասին։ Մրցանակի հիմքում ինչպես Ավրորայի փրկությունն է, այնպես էլ վերապրումի ու խիզախության հազարավոր անհայտ դրվագներն են, որ եղել են 100 տարի առաջ և կան այսօր։

Առաջին անգամ մրցանակը շնորհվեց 2016թ․ ապրիլի 24-ին Երևանում։ «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր դարձավ Մարգարիտ Բարանկիցեն (Marguerite Barankitse), որը հիմնել է «Խաղաղության տուն» («Մեյսոն Շալոմ») որբանոցը՝ 1990-ականներին Բուրունդիի, Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում տեղի ունեցող էթնիկ զտումներից երեխաներին փրկելու համար: Նա ստացավ 100 000 դոլարի պարգև և հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1 միլիոն դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած  կազմակերպություններին։