Բելգիան և Նիդեռլանդները փոխանակում են տարածքներ՝ մնալով ընկերներ

Բելգիան և Նիդեռլանդները համաձայնել են փոխանակել ոչ մեծ հողակտորներ, որոնք տեղակայված են Մաաս գետի երկայնքով, հաղորդում է Guardian-ը։ Երկու երկրները փոխադարձաբար միմյանց  են զիջում այն հատվածները, որոնք 55 տարի առաջ գետի հունի փոփոխության հետևանքով հայտնվել էին հարևանի տարածքում։

Փոխանակումն, այդուհանդերձ, հավասարազոր չէ․ Նիդեռլանդները զիջում են 3 հա և փոխարենը ստանում 16 հա։ 

Dutch News-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 28-ին Բելգիայի թագավոր Ֆիլիպի՝ Նիդեռլանդներ կատարած այցի ընթացքում կողմերը ստորագրել են պայմանագիր տարածքների փոխանակման վերաբերյալ։

Նոր սահմանով, որը ուժի մեջ կմտնի 2018թ․ հունվարին, Նիդեռլանդների տարածքը կմեծանա։ Երկու երկրների խորհրդարանները դեռ պետք է վավերացնեն թերակղզիների փոխանակումը։ 

1961թ․ Մաաս (կամ Մյոզ) գետի հունը, որը հոսում է Ֆրանսիայի, Բելգիայի, Նիդեռլանդների տարածքով, ուղղել էին։ Արդյունքում Նիդեռլանդների և Բելգիայի միջև սահմանը փոխվել էր։

Թերակղզիներում սկսել է ծաղկել ապօրինի բիզնես, մասնավորապես, թմրամիջոցների առքուվաճառք։ Բելգիական ոստիկանությունը կարող է սեփական տարածք հասնել միայն նավով կամ նիդեռլանդական իշխանությունների թույլտվությամբ՝ վերջիններիս տարածքով։ Համաձայնեցման երկար գործընթացից օգտվում են թմրաբիզնեսով զբաղվողները, որոնք ժամանակ են շահում փախուստի համար։

Երկու երկրները տարածքների փոխանակման հարցը սկսել են քննարկել մի քանի տարի առաջ, երբ թերակղզիներից մեկում հայտնաբերվել էր գլխատված դի։ Այդ մասին նախ տեղեկացվել էին Նիդեռլանդները, սակայն հետո պարզվել էր, որ դին հայտնաբերվել է Բելգիայի տարածքում։ Արդյունքում բելգիական ոստիկանությունը ստիպված էր մի քանի անգամ հատել գետը՝ սեփական տարածք դատաբժշկական փորձագետի և քննիչի հասցնելու համար։ Այդ ամենը մեծ անհարմարություններ էր պատճառել բելգիական կողմին։

Եվ չնայած թերակղզիները բնակեցված չեն՝ տարածքների փոխանակումը բավական տևական և ժամանակատար գործընթաց էր, որում ներգրավվել են երկու երկրների նախարարներ, նահանգային կառավարություններ և այլ կառույցներ։

Բելգիա-նիդեռլանդական համաձայնության մասին իր անդրադարձում New York Times-ը գրում է, որ երկու երկրները տարածքներ են փոխանակում՝ մնալով ընկերներ։

Ստելլա Մեհրաբեկյան