Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրեցին միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Սերգեյ Շոյգուն նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրել են Կովկասյան անվտանգության տարածաշրջանում երկու երկրների միացյալ զորախմբի մասին համաձյանգիրը։

Ինչպես հաղորդում են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, զորախմբի մեջ կմտնեն Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան և Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ։

Երկու երկրների պաշտպանության նախարարները հաստատել են նաև 2017թ․ համագործակցության ծրագիրը։

Ինչպես հաղորդում է ռուսական «Կոմերսանտ» թերթը, Սերգեյ Շոյգուն նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ ռազմական կրթության ոլորտում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները լավ կարգավորված են տարատեսակ համաձայնագրերով ու նորմատիվ-իրավական հենքով։ «Սակայն ամենագլխավորը պատմականորեն բարեկամական, գործընկերային հարաբերություններն են Ռուսաստանի և Հայաստանի միջև»,- ասել է Շոյգուն։

Հայաստանի հետ միացյալ զորախմբի մասին համաձայնագրի ստորագրմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն էր տվել նոյեմբերի 14-ին։

Համաձայն համաձայնագրի տեքստի՝ Հայաստանը և Ռուսաստանը ստեղծում են զինված ուժերի միացյալ զորախումբ՝ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգության ապահովման նպատակով։

Համաձայնագրի հավելվածում նշվում է, որ միացյալ զորախմբի ղեկավարը պետք է նշանակվի հայկական զինված ուժերի գլխավոր հրամանատարի կողմից՝ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարի հետ համաձայնեցմամբ։ Խաղաղ ժամանակներում միացյալ զորախմբի հրամանատարը կենթարկվի Հայաստանի գլխավոր շտաբի պետին, իսկ պատերազմական ժամանակ՝ Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի հրամանատարին կամ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին՝ կախված իրավիճակից և երկու կողմերի գլխավոր հրամանատարաների որոշումներից։

Կարդացեք նաև` Հայաստանում ծավալվում է «փափուկ» և «կոշտ» ուժերի միջև դրամա․ Foreign Policy