ԼՂ անկլավային կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող․ Սերժ Սարգսյանի խոսնակ

Ադրբեջանին որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում․ այս մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը՝ ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցման։

Սերժ Սարգսյանը նոյեմբերի 17-ին ռուս հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովի հետ զրույցում մանրամասներ էր ներկայացրել ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին: Սարգսյանն ասել էր, որ հինգ տարի առաջ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստ են եղել Ադրբեջանին զիջել յոթ շրջաններ՝ Ղարաբաղի կարգավիճակը որոշող հանրաքվեի դիմաց։

«Ազատության» հարցմանն ի պատասխան, թե երբ է որոշում կայացվել Ադրբեջանին զիջել նախկինում ԼՂԻՄ-ը շրջապատող յոթ շրջանները, արդյոք դա չի նշանակում, որ այդ դեպքում Լեռնային Ղարաբաղը կհայտնվի անկլավային վիճակում՝ զրկվելով Հայաստանի հետ ցամաքային կապից, և արդյոք նման հեռանկարը Հայաստանի նախագահի կողմից սպառնալիք չի դիտվում, Վլադիմի Հակոբյանը նշել է․

«Հանրապետության նախագահն իր հարցազրույցում չի անդրադարձել համանախագահների կողմից հիմնահարցի փաթեթային հանգուցալուծման համար առաջարկված բոլոր դրույթներին, որոնք, ինչպես շեշտել են համանախագահները, անբաժանելի մեկ ամբողջություն են կազմում: Նախագահն ընդգծել է, որ այդ առաջարկի առաջին կետով ամրագրված է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Մյուս բոլոր տարրերը, ինչպես հայտարարել է նախագահը ՀՀԿ 16-րդ համագումարի իր ելույթում` «ածանցյալ են»:

[…]

Որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում: Հանգուցալուծման առաջարկի փաթեթն ամրագրում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ցամաքային կապի անհրաժեշտությունը: Սրան բազմիցս անդրադարձել են թե՛ Հայաստանը, թե՛ համանախագահները: Որևէ անկլավային կարգավիճակի մասին խոսք անգամ լինել չի կարող: Խոսքը Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացնող սոսկ ցամաքային ճանապարհի մասին չէ, այլ լայն, անվտանգ և անխափան ցամաքային այնպիսի կապի, որը լիարժեք ապահովված կլինի Ադրբեջանի կողմից որևէ ոտնձգությունից: Հատկապես ապրիլյան պատերազմից հետո, անվտանգության գոտի հանդիսացող հարակից տարածքների ներկա կարգավիճակն ավելի քան արդարացված է՝ հաշի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող շարունակական և անմիջական սպառնալիքը»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրի կայքում։

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի

Մեկնաբանել