Ալիևի աշխատակազմի ղեկավարը ԼՂ հարցում կարևորում է ժողովրդական դիվանագիտությունը

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը ծավալուն հոդված է գրել «Հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանի քաղաքացիական հասարակության համատեքստում» վերնագրով։ Հոդվածից հատվածներ թարգմանաբար ներկայացված են ստորև։

«2016թ․ ապրիլյան իրադարձություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև շփման գծում լարված, պայթունավտանգ իրավիճակում որևէ փոփոխություն չի գրանցվել։ Ոչ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները, ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը որևէ նշանակալի արդյունքի չեն հանգեցրել։

Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման, բանակցությունների վերսկսման գործընթացին մասնակցում են ամենահեղինակավոր միջազգային կազմակերպություններն ու առանձին քաղաքական գործիչներ։ Սակայն ոչ ոք դեռ չի կարող երաշխավորել, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը տեսանելի ապագայում կավարտվի արդար խաղաղությամբ։ Ըստ էության, պատերազմը չի ավարտվել ոչ մի ճակատում (մինչև հիմա ազատված չեն օկուպացված տարածքները), ոչ դիվանագիտական և ոչ էլ մեդիա դաշտերում։ 

Ինչ-որ մեկին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ձեռնտու է որպես բիզնես և քաղաքականություն վարելու հնարավորություն՝ կեղտոտ բիզնես և կեղտոտ քաղաքականություն։ 

Հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հայ և ադրբեջանցի ժողովուրդների փոխհարաբերություններում արյունահոսող վերք է, որը տարիներ շարունակ մնում է սուր և անհանգստացնող խնդիր»։ 

***

«Ապավինելով միջազգային հանրության և ամենակարողների «օգնությանը»՝ ճակատագրի բերումով հարևանները չպետք է մոռանան սեփական խաղաղարար ներուժի, արդի քաղաքական տեխնոլոգիաների չիրացված հնարավորությունների և երկու երկրների ժողովուրդների միջև վստահության հաստատման դարավոր ավանդույթների մասին։ Այդ գաղափարից ավելի իրատեսական ոչինչ չկա»։ 

***

«Ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության, ինչպես և ցանկացած այլ հակամարտության կարգավորման որոշիչը ժողովուրդն է՝ քաղաքական գործիչների հետ նույն շարքում․ դա հասարակայնության ներկայացուցիչներն են, մտավորականությունը, զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցները, ՀԿ-ները, սփյուռքի կազմակերպությունների անդամները։ Հրապարակայնորեն և «տեղերում» անցկացնելով հակամարտության իրական սկզբնաղբյուրների վերաբերյալ քննարկումներ՝ երկու պետությունների ժողովրդական ներկայացուցիչները կարող են գալ ընհանուր հայտարարի, հասնել համատեղ արդյունքի։ 

Հակամարտության ձգձգման պայմաններում իրավիճակի ցանկացած սրում, ուժերի հավասարակշռության խախտում կարող է հանգեցնել ամենաանկանխատեսելի ողբերգական հետևանքների։ Այդ պատճառով հատկապես նշանակալի է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև ամենատարբեր մակարդակներում շփումների խթանումը, այդ թվում՝ ժողովրդական դիվանագիտության ձևաչափով, որը կարևոր իրավական դաշտ է խաղաղության կառուցման համար»։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։ 2015թ․ օգոստոսի 4-ին Թբիլիսիի մարզադաշտում ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչն անցկացվեց Բարսելոնա և Սևիլիա թիմերի միջև։ Հայերն ու ադրբեջանցիները միասին երկրպագում էին Բարսելոնային։