Իմ հրաժարականի պատճառն անձնական է․ ես կառուցել եմ ամերիկացի դիվանագետի հաջող կարիերա և ծառայության 30 տարիներից հետո մտադիր եմ աշխատել մասնավոր հատվածում․ ադրբեջանական APA գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որը դեկտեմբերի վերջին հեռանում է այդ պաշտոնից։
I will step down as @OSCE Co-Chair on December 31. It has been an honor to serve in the @StateDept for more than 30 years. #NKpeace
— James Warlick (@AmbJamesWarlick) November 21, 2016
Կարգավորման գործընթացի ներկայիս փուլը գնահատելով՝ Ուորլիքն ասել է, որ բանակցությունների սեղանին կան «լավ գաղափարներ և առաջարկներ, որոնք կարող էին հիմք ստեղծել համապարփակ խաղաղության հասնելու համար»։
«Ներկայում ամենաշատը կցանկանայինք, որ նախագահները քաղաքական կամք ցուցաբերին և բանակցային գործընթացը զարգացնելու հանձնառություն ստանձնեն»,- ասել է դիվանագետը։
Մեկնաբանելով պնդումը, որ ներկայիս միջնորդների գործունեությունն անբավարար է՝ Ուորլիքն ասել է, որ իրենց խնդիրն է նախագահների միջև բանակցությունների հեշտացումը, սակայն «ի վերջո առաջ շարժվելու կամ ոչ որոշումը կախված է նախագահներից»։
«Անկախ նրանից, թե քանի համանախագահ կամ տարածաշրջանային դերակատար է ներգրավված Մինսկի խմբի ձևաչափում, այսօր դա հիմնական իրողությունն է»,- նշել է համանախագահը։
APA գործակալությունը բարձրացրել է նաև ժողովրդական դիվանագիտության ներդրման մասին հարցը, որը առանցքային տեղ էր գտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի ծավալուն հոդվածում։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևոր բաղադրիչներից մեկը դա գործունեությունն է մարդկանց միջև, որոնք աջակցում են մտքերի և գաղափարների քննարկմանը։ Լիահույս ենք, որ բանակցային գործընթացում առաջընթացի հասնելուց հետո ժամանակի ընթացքում կստեղծվեն ավելի շատ հնարավորություններ գործունեության համար, որը պատնեշներ է վերացնում։ Ապագայում այն կարևոր դեր կխաղա ադրբեջանցիների և հայերի միջև վստահության հաստատման գործում»,- եզրափակել է Ջեյմս Ուորլիքը։
Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի