«Նաիրիտը» ճանաչվել է սնանկ. ՀԷՑ-ի դիմումը բավարարվել է

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության դիմումը, որով վերջինս պահանջել էր սնանկ ճանաչել պարտապան «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն, հաղորդում է Tert.am-ը։

ՀԷՑ-ը նման դիմում էր ներկայացրել 2015թ․ ամռանը։

Դատարան ներկայացրած դիմումով ՀԷՑ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հաստատված Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի պայմանագրի օրինակելի ձևին համապատասխան՝ 2009թ․ մայիսի 26-ին «Հայաստանի էլեկտրական ցանցերի» և «Նաիրիտ գործարանի» միջև կնքվել է էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիրը։

Պարտապանը պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում չի կատարել իր կողմից սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման պարտավորությունը, որը ըստ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտի՝ 01.03.2015թ. դրությամբ կազմում է 1 մլրդ 235 մլն 3232 դրամ, որից՝ 159 մլն 278 հազ. 876 դրամը՝ որպես տույժ։

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 06.08.2012թ. օրինական ուժի մեջ մտած վճռով վճռվել է «Նաիրիտ գործարանից» հօգուտ ՀԷՑ-ի բռնագանձել 1 մլրդ 106 մլն 325 հազ. դրամ։

Պարտապանը չի կատարել մի շարք վճիռների պահանջները, միաժամանակ՝ շարունակել է չվճարել սպառված էլեկտրաէներգիայի համար, որի հետևանքով վերջինիս ընդհանուր պարտքը դիմողի հանդեպ ավելացել է և 01.03.2015թ. դրությամբ կազմում է 1 մլրդ 235 մլն 3 հազ. դրամ։

Վերոգրյալի հիման վրա, «Սնանկության մասին» օրենքի 3-րդ հոդվածի [Պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերն ու անվճարունակության հատկանիշները – խմբ․] վկայակոչմամբ՝ ՀԷՑ-ը խնդրել է «Նաիրիտ գործարանը» ճանաչել սնանկ։

Դատարանը հանգել է այն եզրակացության, որ դիմողի պահանջը հիմնավորված է, և առկա են բավարար հիմքեր՝ պարտապանին սնանկ ճանաչելու համար։

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և կարող է բողոքարկվել Վերաքննիչ քաղաքացիական դատարանում 15 օրվա ընթացքում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրի կայքում։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի