«Հյուսիս-հարավի» Քաջարանից Սիսիան հատվածը հնարավոր է՝ լինի վճարովի

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի որոշ հատվածներ, մասնավորապես Քաջարանից Սիսիան ընկած հատվածը, չի բացառվում, որ լինի վճարովի։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ավտոճանապարհի որոշ հատվածներ հնարավոր է՝ վճարովի դառնան: Տրանսպորտի և կապի առաջին փոխնախարար Արթուր Առաքելյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում մանրամասնել է.

«Քանի որ «Հյուսիս-հարավը» մեծ ֆինանսական բեռ է արտաքին պարտքի տեսանկյունից, վարչապետը մեզ հանձնարարեց, որ դիտարկենք այլընտրանքային ֆինանսավորման մեխանիզմները, որոնցից հիմնականը մասնավորի ներդրմամբ ճանապարհի կառուցումն է: Դա ընդունված պրակտիկա է աշխարհում, երբ մասնավորը գումար է ներդնում, ճանապարհ կառուցում, դարձնում այն վճարովի և այդ վճարների հաշվին ստանում է եկամուտ»:

Նա նշել է, որ խոսքը Քաջարանից Սիսիան ընկած հատվածի մասին է, որտեղ նախատեսվում է կառուցել երկու խոշոր թունել՝ մեկը 4.7 կմ երկարությամբ, մյուսը՝ 8.5 կմ երկարությամբ: «Դրանց կառուցմամբ գործող ճանապարհը կկրճատվի մոտավորապես 60-70 կմ-ով, նաև կտնտեսվի մոտ 2.30-3 ժամ՝ սահմանից մինչև Սիսիան հասնելու համար»։

Արթուր Առաքելյանի խոսքով՝ քաղաքացին, նաև բեռնափոխադրողը հնարավորություն է ունենալու ընտրել՝ վճարովի ճանապարհով է ցանկանում երթևեկել, թե անվճար։

Նա նշել է, որ դեռ չկան հաշվարկներ, թե որքան կարժենա այդ ճանապարհով երթևեկելը․ տարբեր մոտեցումներ են հաշվվում։ Նրա խոսքով՝ իհարկե, ՀՀ քաղաքացիները կօգտվեն այդ ճանապարհից, բայց այն հիմնականում նպատակ ունի Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելու։

Փոխնախարարը չի բացառել, որ այլ հատվածներ էլ կարող են վճարովի կառուցվել․ «Եթե որևէ հատվածում տուրիստներն այնքան շատանան, և որևէ բիզնեսմեն նպատակ գտնի ներդրումներ կատարելու, արդեն նախադեպ կունենանք»։

Անդրադառնալով ավտոճանապարհի կառուցման չարաշահումների վերաբերյալ բարձրաձայնումներին, Արթուր Առաքելյանն ասել է, որ «Հյուսիս-հարավում» ամեն ինչ «խիստ չափելի արդյունք է ունենում»․ «Ցանկացած ծախսված դոլար կարելի է չափել, մենք վստահ ենք, որ որևէ չարաշահում այնտեղ չկա»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրի կայքում։

«Հյուսիս-հարավի» մասին

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի (Մեղրի-Երևան-Աշտարակ-Գյումրի-Բավրա) երկարությունը կազմում է 556 կմ, ծրագրի իրականացման ժամկետը՝ 2009-ից մինչև 2017-ը: Ծրագրի իրականացման համար Հայաստանի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև 2009թ. սեպտեմբերին կնքվել է Շրջանակային ֆինանսավորման համաձայնագիր, որում ծրագիրը գնահատվել էր 962 մլն դոլար, ԱԶԲ-ի ֆինասնավորումը՝ 500 մլն: ԱԶԲ-ի երկու տրանշերով 2010թ. հատկացվել են 230 մլն դոլարի վարկային միջոցներ: «Տրանշ-1»-ով հատկացված 60 մլն դոլարն ուղղվել է Երևան-Աշտարակ (երկարությունը՝ 11,7 կմ) և Երևան-Արտաշատ (երկարությունը՝ 19,6 կմ) ճանապարհահատվածների վերականգնողական, իսկ «Տրանշ-2»-ի 170 մլն դոլարը՝ Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի (երկարությունը՝ 41,9 կմ) վերակառուցման աշխատանքներին։ 2014թ. Երևանում ստորագրվել է «Տրանշ-3»-ով 100 մլն դոլար վարկային միջոցներ հատկացնելու պայմանագիր։

2015թ․ ապրիլին ստորագրվեց համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության («Տրանշ-4»)» նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին», որի շրջանակում ՀՀ-ին տրամադրվում է 150 մլն դոլարին համարժեք վարկ: Այն ներգրավվում է 20 տարի մարման ժամկետով, որից հինգ տարին՝ արտոնյալ, ֆիքսված տոկոսադրույքը՝ տարեկան 1,65 տոկոս:

Ծրագրի իրականացման դեպքում ավտոճանապարհի միջոցով հանրապետության հարավային և հյուսիսային սահմանները կկապվեն միմյանց հետ` կրճատելով ճանապարհի երկարությունը շուրջ 85 կմ-ով: Մեղրի-Երևան-Բավրա տարածությունն անցնելը տրանսպորտային միջոցների համար ներկայիս 9-9.5 ժամից կնվազի մինչև 4.5 ժամ:

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում ճանապարհի առաջին հատվածը բացվեց անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել