ԾԻԳ-երը կշարունակվեն կրճատվել

Կառավարության դեկտեմբերի 1-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական հանձնարարականներն է տվել։

Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը՝ խոսելով ԾԻԳ-երի (Ծրագրերի իրականացման գրասենյակ) կրճատման գործընթացի մասին՝ Կարապետյանը նշել է, որ կան ԾԻԳ-եր, որոնք բացվել են միջազգային վարկավորման արդյունքում։ Եվ այժմ դրանց ներկայացուցիչները պետք է բանակցություններ վարեն միջազգային գործընկերների հետ՝ այդ ԾԻԳ-երը և դրանց պահպանման ծախսերը կրճատելու ուղղությամբ։

Վարչապետը նաև նշել է, որ վերջին կրճատումներից հետո այս պահին կա տասնմեկ գործող ԾԻԳ, և կառավարությունը մտադիր է դրանց թիվը հասցնել հինգի։

Կարեն Կարապետյանի մյուս հանձնարարականը վերաբերել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերի քննությանը․ նրանց հարազատները կառավարությանը ներկայացրել են դիմում-նամակներ։ Վարչապետը գլխավոր դատախազին հանձնարարել է ընդունելություն կազմակերպել և քննարկել այդ հարցը։

***

Ամսիներ առաջ՝ կառավարության սեպտեմբերի 29-ի նիստում, վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիր իշխանության բոլոր մարմիններին հանձնարարել էր վերանայել իրենց կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ների (Պետական ոչ առևտրային կազմակերպություների) գործունեության նպատակահարմարությունը և ներկայացնել առաջարկություն ՊՈԱԿ-ների թվաքանակի կրճատման և օպտիմալացման վերաբերյալ: «Այն ՊՈԱԿ-ները, որոնց գործունեությունը համարում եք նպատակահարմար, պետք է լինի հիմնավորված, գործառույթները՝ հստակ և չկրկնվող: Շատ խիստ, կոշտ պետք է վերանայել այդ ամենը, և յուրաքանչյուր լուման պետք է հիմնավորվի, թե ինչ նպատակի է ծառայում»,- ասել էր Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ նույնը վերաբերում է նաև ԾԻԳ-երին, որոնք զբաղվում են գնումների գործընթացով:

Մեկնաբանել