Ղրղզստանում ռուսական ավիաբազան պայմանագրի ժամկետի լրանալուց հետո դուրս կբերվի․ Աթամբաև

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել է, որ երկրի տարածքում գտնվող ռուսական ռազմաբազան պայմանագրի ժամկետի լրանալուց հետո դուրս կբերվի։

Ինչպես հաղորդում է ղրղզական AKI Press-ը, Աթամբաևը մամուլի ասուլիսի ժամանակ, մասնավորապես, ասել է․ «Մենք Ռուսաստանի հետ մշտապես կլինենք ռազմավարական դաշնակիցներ, սակայն ապագայում Ղրղզստանը պետք է հենվի և հույս դնի միայն սեփական զինված ուժերի վրա, այլ ոչ թե Ռուսաստանի, Ամերիկայի կամ այլ երկրի։ Մենք պետք է կառուցենք սեփական բանակը»,- ասել է միջինասիական երկրի ղեկավարը։

Աթամբաևը նաև պատմել է, որ իրեն հաճախ մեղադրում են ամերիկյան ռազմաբազան դուրս բերելու, իսկ ռուսականը թողնելու մեջ։ Նա նշել է, որ ըստ 2009թ․ համաձայնագրի՝ ռուսական ավիաբազայի գործողության ժամկետը պետք է լրանար 2016թ․ և ապա այն պետք է մնար 49 տարով՝ ամեն 25 տարին մեկ երկարաձգվելով։

«Մենք թողեցինք միայն 15 տարով․․․ Դա ինձ նյարդեր է արժեցել, դա դուր չէր գալիս բազմաթիվ ռուսաստանցի նախարարների, սակայն այդ հարցում ես գտա Պուտինի ըմբռնումը»,- ասել է Ղրղզստանի ղեկավարը։

Ղրղզստանում տեղակայված «Կանտ» ավիաբազան գործում է 1941թ․ ի վեր, ռուսաստանյան ինքնաթիռները այնտեղ տեղակայված են 2003-ից։ Բազան մասնակցում է ՀԱՊԿ պետությունների օդային տարածքի անվտանգության ապահովմանը և շարունակում է մնալ Արագ արձագանքման հավաքական ուժերի բաղադրիչ։