ԼՂ կարգավիճակի հարց բարձրացնել նախնական փուլում նշանակում է թաղել խաղաղ գործընթացը․ Մամեդյարով

Քննարկվող փաստաթղթում խոսվում է օկուպացված տարածքներից հայկական զորքերի փուլային դուրս բերման մասին․ APA գործակալության հաղորդմամբ՝ այսօր Բաքվում Բոսնիայի և Հերցեգովինայի ԱԳ նախարար Իգոր Չռնադակի հետ մամուլի ասուլիսին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը։

Նա նշել է, որ վերջերս Հայաստանից հնչող հայտարարությունները «բացասական դեր են խաղում խաղաղ կարգավորման գործընթացում»։

«Բանակցություններ այդպես չեն վարում։ Ուղղությունը, որով վարվում են բանակցությունները, որևէ մեկի համար գաղտնիք չէ։ Քննարկվող փաստաթղթում նաև նշվում է, որ հայկական զորքերը պետք է փուլ առ փուլ դուրս բերվեն օկուպացված տարածքներից։ Կարգավիճակի մասին հարցը նույնպես քննարկվում է, սակայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարց բարձրացնել նախնական փուլում նշանակում է թաղել խաղաղ գործընթացը, քանի որ ադրբեջանական համայնքը պետք է վերադառնա Ղարաբաղ։ Նրանք նույնպես այդ տարածաշրջանի բնակիչներ են»,- ասել է Մամեդյարովը։

Նա նաև մեկնաբանել է դեկտեմբերի 8-ին և 9-ին Համբուրգում կայանալիք՝ ԵԱՀԿ արտգործնախարարների հերթական հավաքի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպումը։ Մամեդյարովի խոսքով՝ հայկական կողմը դեռ չի արձագանքել այդ առաջարկին։

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մինչդեռ, «Ազատության» հարցին ի պատասխան, ասել է, որ նման հանդիպում «չի բացառում»։

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի

Մեկնաբանել