Թրամփի որդին թուրք գործարարի հրավերով գնացել է Անթալիա՝ որսի

Մինչ տասնյակ ամերիկացիներ խոստանում են լքել երկիրն այն բանից հետո, երբ Հանրապետական Դոնալդ Թրամփն ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ, նրա որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, նույնպես հեռացել է երկրից, սակայն ժամանակավորապես, գրում է International Business Times-ը։

Հղում անելով թուրքական Doğan գործակալությանը՝ կայքը գրում է, որ Թրամփ կրտսերն այցելել է թուրքական Անթալիա հինգ թիկնապահի ուղեկցությամբ՝ թուրք մի գործարարի հրավերով։ Անթալիայում նա անցկացրել է երկու գիշեր, ապա մեկնել Գերմանիա։

Թուրքական հայտնի հանգստավայրում Թրամփ կրտսերը ստացել է երկու այծի որս անելու արտոնություն։

38-ամյա Թրամփ կրտսերն ու եղբայրը՝ 32-ամյա Էրիկը, որսի հայտնի սիրահարներ են, ինչի համար մշտապես քննադատության են ենթարկվում ակտիվիստների և կենդանիների պաշտպանների կողմից։

 

Ինքը՝ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իր որդիները «սիրում են որս անել»։

Օրերս Թրամփը հայտարարել է, որ դեկտեմբերի 15-ին Նյու Յորքում կտա մեծ մամուլի ասուլիս, որի ընթացքում կհայտարարի բիզնեսը թողնելու և երկրի ղեկավարման վրա կենտրոնանալու մասին։

 

Թրամփ կրտսերը որս անելիս, արխիվային լուսանկար