Գյուղնախարարությունը թուրքական լոլիկի հարցով խորհրդակցում է ՊԵԿ-ի և ջերմատների հետ

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը գյուղոլորտի անկման տարբեր պատճառներ է նշում։

Հայաստանի Կենտրոնական բանկը նոյեմբերի 25-ին հրապարակած գնաճի իր հերթական հաշվետվությունում այս տարվա ընթացքում անկում էր կանխատեսել գյուղատնտեսության ոլորտում։ Ավելի վաղ էլ Ազգային վիճակագրական ծառայությունը տարվա 10 ամիսների կտրվածքով գյուղարտադրանքի ծավալների 7.3 տոկոս անկում էր արձանագրել։ Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ոլորտում արձանագրված անկման տարբեր պատճառներ նշեց՝ բնակլիմայական պայմաններից սկսած մինչև ֆինանսական խնդիրներ։ «Բերքը քիչ էր, գները՝ ցածր»,- ասում է նա։

Իգնատի Առաքելյանը խոսեց նաև Հայաստան թուրքական լոլիկի ներկրման լուրերի մասին։ Նախարարն ասում է՝ իրենք աշխատում են Հայաստանում լոլիկ ու վարունգ արտադրող ջերմատների հետ։ «Ջերմատնային ասոոցացիա» ՀԿ նախագահ Պողոս Գևորգյանը հայտարարել էր, որ հայկական շուկան լցված է թուրքական լոլիկով, և այն մաքսազերծվում է նախատեսվածից ցածր գներով։

Գյուղնախարարն ասում է, որ խնդրի վերաբերյալ խորհրդակցությունների մեջ են ջերմատների և Պետեկամուտների կոմիտեի հետ։

Լոլիկի խնդրի վերաբերյալ գյուղնախարարը քննարկում է հրավիրել նաև իր մոտ՝ նախարարությունում։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկմանը Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը հայտարարել է, որ ներկրված լոլիկը վաճառվել է Մալաթիայի գյուղմթերքի շուկայում, սակայն այժմ այլևս չի վաճառվում։

Թուրքական լոլիկի թեմային անդրադարձել էր նաև ՍիվիլՆեթը՝ Ազատամարդ հաղորդաշարի շրջանակում։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել