Իսրայելը կրկին դեսպան ունի Անկարայում

Դեկտեմբերի 1-ին Թուրքիայում Իսրայելի դեսպան Էյթան Նաեհը ժամանել է Անկարա, հաղորդում է Times of Israel-ը։

Օդանավակայանում դեսպանը թուրք լրագրողների հետ զրույցում շնորհակալություն է հայտնել Թուրքիային Իսրայելին հրդեհների դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու համար և ասել, որ «շատ գործ կա անելու»։

Էյթան Նաեհի ժամանմամբ վերջ է դրվում իսրայելա-թուրքական վեցամյա հակամարտությանը, որի պատճառ էր դարձել 2010թ․ Մավի Մարմարայի միջադեպը։

Այն բանից հետո, երբ Իսրայելը Նաեհին նշանակել է Անկարայում դեսպան, Թուրքիան հայտարարել է Քեմալ Օքեմին Թել Ավիվ որպես դեսպան գործուղելու մասին։

Անցյալ շաբաթ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ հեռախոսազրույցում Էրդողանն ասել էր, որ Իսրայել-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը «չափազանց կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար»։

Չնայած կապերի վերականգնմանը՝ Թուրքիայի ղեկավարը չի հրաժարվում Իսրայելի հասցեին քննադատություն հնչեցնելուց։

Օրերս նա Իսրայելին մեղադրել էր «պաղեստինցի եղբայրների նկատմամբ 1948-ից ի վեր ճնշման, արտաքսման և խտրական քաղաքականություն» վարելու մեջ։

Իսրայելա-թուրքական կապերի վերականգնման մասին ավելին՝ Թուրքիան ճեղքում է միջազգային մեկուսացումը։

Մեկնաբանել