Քաղաքացիական պայմանագիրը, Լուսավոր Հայաստանը և Հանրապետությունը միավորվում են

«Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերել հետագա համագործակցության վերաբերյալ։ Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Երեք կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպել են այսօր։ Ակնկալվում է, որ դեկտեմբերի 12-ին նրանք հանդես կգան համատեղ հայտարարությամբ։

Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց՝ երեք ուժերը կոնսուլտացիոն քննարկումներ էին անցկացնում 2017-ի ընտրություններին հնարավոր համագործակցության վերաբերյալ: «Երեք ուժերը միտված են կայուն, հստակ և երկարաժամկետ համագործակցության թե ընտրություններից առաջ, թե դրանց ընթացքում, թե դրանցից հետո»,- նշեց Ռուբինյանը՝ հավելելով, որ ներկայում իրական հնարավորություն է ստեղծվել հիմնելու մեկ ընդդիմություն։

Հոկտեմբերի 2-ի Վանաձորի և Գյումրիի ավագանու ընտրություններին Լուսավոր Հայաստան և Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունները դաշինք չկազմեցին և փոխադարձ մեղադրանքներ հնչեցրին։

Մեկնաբանել