Լիդիա Վարբանովա . սահմաններն անցնելու կարևորությունը

Լիդիա Վարբանովան ունի ավելի քան 55 երկրում արվեստի բնագավառում, մշակութային և ստեղծարար արդյունաբերություններում ռազմավարության. քաղաքականության մշակման, կարողությունների զարգացման, կառավարության և ձեռներեցության աշխատանքային փորձ: Նա հանդիպումներ է ունենում աշխարհի տարբեր անկյուններից եկած արվեստագետների, մշակութային փորձագետների, ուսանողների հետ, ակտիվորեն մասնակցում է աշխատանքային հանդիպումներին և վերապատրաստման դասընթացներին, որպեսզի նպաստի մասնակիցների կարողությունների զարգացմանը և օգնի նրանց լսարանների, աջակիցների, բյուջեի ձեռքբերման գործում: Լիդիան «Արվեստի բնագավառում միջազգային ձեռներեցության» և «Արվեստի բնագավառում ռազմավարական ձեռներեցության» գրքերի հեղինակն է:

Տիկին Վարբանովան վերջերս ժամանեց Հայաստան` վարելու ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակներում ընթացող աշխատանքային հանդիպումը, որը իրականացվում է Բրիտանական խորհրդի օժանդակությամբ: Հանդիպման ընթացքում տկն. Վարբանովան մեզ ներկայացրեց մի քանի արդյունավետ և օժանդակ գործիքներ: 

Ստեղծարար և նորարար գաղափարները չափազանց տարբեր են: Կան կարևոր պահեր, որոնք պետք է հաշվի առնել բիզնես մոդել զարգացնելիս, և դա կարող է հանգեցնել դրան, որ ստեղծարար գաղափարներից ինքնուրույն եկամուտներ առաջանան:

– Դիտարկեք  ոչ միայն ստեղծարար, այլև նորարար մի գաղափար, որը կարող է բերել թե տնտեսական, թե հասարակական օգուտ, լրացնել շուկայում առաջացած բացը կամ համապատասխանել միտումներին:   

– Վերլուծեք արժեշղթան, որպեսզի հետևեք ձեր նախնական գաղափարի շարժին`  արտադրության, տարածման և իրացման փուլերով մինչև վերջնական սպառող: Այստեղ կարևորվում է տարածման փուլը, որտեղ իրականանում են բիզնես մոդելների մեծ մասը:

– Փորձեք առաջարկել ոչ միայն հիմնական գեղարվեստական արտադրանք, այլև հավելյալ երկրորդական արտադրանք և ծառայություններ. չէ որ  մեծ մասամբ հենց դրանք են գումար բերում: Օրինակ` թատերական ներկայացման տոմսերի վաճառքը բավական եկամուտ չի բերում: Դրա հետ մեկտեղ կան թատերական ներկայացումն առևտրայնացնելու այլ միջոցներր, ինչպես, օրինակ, պիեսի տեքստի տպագիր կամ առցանց տարբերակը վաճառելը, կրթական դասընթացներ անցկացնելը,  հուշանվերների վաճառքը և այլն:  

– Ձեզ պատկերացրեք հաճախորդի, պատվիրատուի կամ հանդիսատեսի տեղում: Կողմնակի հայացք նետեք և մտածեք, թե ինչը կստիպի նրանց գնել ձեր արտադրանքը կամ օգտվել ձեր մատուցած ծառայությունից: Փորձեք հասկանալ` որքանով է ձեր արտադրանքը առնչվում նրանց կյանքին և ակնկալիքներին, և որքանով այն կօգնի հաղթահարելու  այսօրվա հասարակություններում առկա համաշխարհային  մարտահրավերները:   

– Մատուցեք այն, ինչ խոստացել եք: Արվեստի շատ ոլորտներում գնորդը գնում է ոչ թե արտադրանքը, այլ դրան առնչվող ակնկալիքը, ինչպես, օրինակ, կատարողական արվեստում: Համոզվեք, որ նախնական առաջարկը չի ապակողմնորոշի ձեր հանդիսատեսին, և նրանք գոհ կլինեն թե գումար, թե ժամանակ ծախսել`  գնելու ձեր արտադրանքը կամ օգտվելու ձեր մատուցած ծառայությունից: 

Արվեստի բնագավառը, կազմակերպության տեսակը, ստեղծարար նախագծի էությունը, թիրախային լսարանը, աշխարհագրական ընդգրկունությունը,  ղեկավարող և մարքեթինգային թիմերի  կարողությունները այն ամենն են, ինչ  գտնվում են գեղարվեստական արտադրանքի ետևում և շատ գործոնների հետ մեկտեղ կարող են  օգնել, որ արտադրանքը ավելի լայն լսարաններին հասնի: Արվեստագետները և մշակույթի կառավարիչները պետք է ոչ ստանդարտ մոտեցում ցուցաբերեն երկրի ռեսուրսների, հասարակության մեջ իշխող միտումների և հնարավորությունների ուսումնասիրության գործում, որպեսզի կարողանան համաշխարհային ճանաչում ձեռք բերել նորարար նախագծերի և կազմակերպությունների համար, ինչպես նաև կապ գտնեն իրենց ստեղծարար ուժի և լսարանի ու գնորդների շահերի միջև` անշուշտ առանց ստեղծագործական հայեցակարգը վնասելու և գեղարվեստական արտադրանքը որակազրկելու:

Եթե  գեղարվեստական  գաղափարը ներկայացնում է այնպիսի արժեք, որը շատ մարդիկ են ըմբռնում և արդիական համարում, եթե այն պարփակում  է զվարճանքի տարրեր և  շարադրում է սրտառուչ  և տպավորիչ մի պատմություն, ապա այն ավելի հասանելի է դառնում:

21-րդ դարում  միայն ստեղծելը բավարար չէ, պետք է հասկանալ` ինչպես նպաստել այս կա այն ապրանքի ու ծառայության լայն տարածմանը: Այստեղ կարևորվում է նոր տեխնոլոգիաների և առցանց գործիքների  իմացությունը: Որոշ արվեստագետներ դեռ չեն կարողանում գիտակցել նման տեխնոլոգիաների ուժը ոչ միայն գեղարվեստական արտադրանքի և ծառայությունների տարածման, այլև ստեղծման գործում: 

Նորահայտ արվեստագետները ոգեշնչված են, անկանխատեսելի և հետաքրքրասեր: Տեսանելիություն ձեռք բերելու համար նրանց անհրաժեշտ է հետևյալը.

 –  Նախ և առաջ հասկանալ, թե ինչու են զբաղվում  տվյալ գործով, որն է իրենց ներքին խթանը, ինչ ձգտումներ ունեն: Նրանք պետք է նաև կարողանան  այդ ամենը ներկայացնել ուրիշներին:

– Ուսումնասիրել, թե ինչ է կատարվում աշխարհում, որոշ ժամանակ հատկացնել   ծանոթություններ ձեռք բերելուն և ոլորտում ներգրավված հիմնական   մասնագետների հետ կապ հաստատելուն:

– Ակտիվություն դրսևորել և դիմել միջազգային գեղարվեստական մրցույթներին և միջոցառումներին, որոնք արվեստագետներին իրենց աշխատանքը ներկայացնելու հնարավորություն են ընձեռում:  

– Կարողանալ կազմել և տարածել թվային պորտֆելը:  

– Համագործակցային  բնույթի  աշխատանքը տարաբնույթ գործընկերային սխեմաների, առցանց  արշավների և նմանատիպ այլ ծրագրերի հետ համատեղ նույնպես նպաստում է տեսանելիությանը :

 Կապերի հաստատումը շատ կարևոր է և տեսանելիության ձեռքբերման հիմնական բաղադրիչն է:  

Տկն. Վարբանովայի վերջին գրքի չորրորդ և հինգերորդ գլուխներում ընթերցողը կարող է գտնել տեսանելիություն ձեռք բերելու հստակ մոդելներ և իմանալ արվեստագետների և նրանց` արտերկրում հանրաճանաչմանը նպաստող մարքեթինգային գործիքների մասին: Գրքում ներկայացված օրինակները և դեպքերի մեկնաբանությունները  լուսաբանում են այն կարևոր ռազմավարությունը և մոդելները, որոնք կարևորվում են արվեստի և մշակույթի հատվածը արտերկրում զարգացնելիս: