Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր փոխնախագահի հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսի հետ։

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է նորընտիր նախագահ Թրամփին և նրա թիմին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ պատասխանատու առաքելության իրականացման գործում:

«Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք հայ-ամերիկյան համագործակցության արդի բարձր մակարդակը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնագավառներում ոչ միայն կպահպանվի, այլև նոր լիցք կստանա: Անդրադարձ է եղել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերին, այդ թվում՝ տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին»,- ասված է նախագահականի հաղորդագրության մեջ:

***

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայացել էին նոյեմբերի 8-ին։ Երկրի 45-րդ նախագահ ընտրված հանրապետական Դոնալդ Թրամփը ստացել էր 276 ձայն։ Դեմոկրատ Հիլարի Քլինթոնը ստացել է 218 ձայն։

Նոյեմբերի 9-ի վաղ առավոտյան ԱՄՆ ընտրությունների առիթով ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանատանը կազմակերպված հավաքույթին դեսպան Ռիչարդ Միլսը նախքան վերջնական արդյունքների հայտնի դառնալը, նշել էր, որ անկախ այն հանգամանքից, թե ով կլինի ԱՄՆ նոր նախագահը, աջակցությունը Հայաստանի կայացմանը՝ որպես անկախ, բարեկեցիկ երկիր, որը խաղաղ գոյակցում է իր հարևանների հետ, կշարունակի առաջնահերթ խնդիր մնալ Միացյալ Նահանգների համար։

«Միացյալ Նահանգները կշարունակի ապահովել իր հանձնառությունները մեր բարեկամների հանդեպ, և անշուշտ մեր հանձնառությունը մեր բարեկամ Հայաստանի հանպդեպ մենք կպահպանենք։ Մենք կմնանք Հայաստանի համար կայուն և հաստատուն գործընկեր և կաշխատենք միասին՝ ապահովելու բարեկեցիկ ապագա, որին արժանի է հայ ժողովուրդը»,- ասել էր դեսպան Միլսը։

Մեկնաբանել