Ղարաբաղի ՊՆ-ն չի հաղորդում վիրավորված զինվորների մասին

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունն իր ամենօրյա հաղորդագրությունում լռում է վիրավորված զինվորների դեպքի մասին։

Նոյեմբերի 30-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում երկու զինվոր ծանր վիրավորվել է։ Վիրավորները տեղափոխվել են Երևան՝ Կենտրոնական կլինիկական հոսպիտալ։

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը երեկ «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ իրավիճակը կայուն է, արտառոց որևէ բան չկա։ Ինչ վերաբերում է նախորդ օրերին վիրավորների մասին տեղեկություններին, նա խորհուրդ էր տվել պարզապես հետևել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրություններին:

ԼՂՀ ՊՆ-ի՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը հրապարակված հաղորդագրություններում վիրավորների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում:

Այսօր առավոտյան տարածած հաղորդագրության մեջ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը նշում է, որ դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Հաղորդագրության համաձայն՝ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնագծի արևելյան հատվածում, որտեղ, բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից (շուրջ 1400 կրակոց)՝ հակառակորդը կիրառել է նաև 60 և 82 մմ-ոց ականանետեր (9 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (1 արկ)․ «Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում, ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 125 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց»:

ԼՂՀ ՊՆ-ն նշում է, որ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայկական կողմը կորուստ չի ունեցել։

Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանական գերատեսչությունը հերքում է նաև երեկ երեկոյան ադրբեջանական որոշ լրատվամիջոցների կողմից տարածված այն լուրերը, «թե իբր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղի ունեցած «դաժան մարտերի ընթացքում» հայկական կողմը տվել է 1 զոհ և 9 վիրավոր»՝ անվանելով դրանք «ոչ այլ ինչ, քան հերթական ապատեղեկատվություն»։

Լուսանկարը՝ Ինտերֆաքսի