Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը ներառված է Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում, որը հրապարակվել է դեկտեմբերի 1-ին ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
«Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության տարածաշրջանային առաջնահերթությունները» բաժնում ասված է, որ Ռուսաստանը ակտիվորեն հանդես է գալիս հետխորհրդային տարածքում հակամարտությունների դիվանագիտական-քաղաքական կարգավորման օգտին։
Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների հետ նպաստում է ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ «2009-2013թթ․ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների ընդունած համատեղ հայտարարություններում ամրագրված սկզբունքների համապատասխան»։
Նույն բաժնում անդրադարձ կա նաև Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։
Մասնավորապես, նշվում է, որ «Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ այն ոլորտներում, որոնցում դրան պատրաստ է վրացական կողմը՝ հաշվի առնելով Անդրկովկասում ստեղծված իրողությունները»։