Ֆրանսուա Օլանդը չի առաջադրվի երկրորդ ժամկետի համար

Ֆրանսուա Օլանդը դարձել է Ֆրանսիայի արդի պատմության առաջին նախագահը, որը որոշել է չառաջադրել իր թեկնածությունը երկրորդ ժամկետի համար․ այս մասին նա հայտարարել է դեկտեմբերի 1-ին Ելիսեյան պալատից ուղիղ հեռարձակված իր ուղերձում, հաղորդում է Telegraph-ը։ Պարբերականը նշում է, որ Ֆրանսիայի հետպատերազմյան շրջանի ամենաքիչ ժողովրդականություն վայելող նախագահի այս որոշումը անակնկալ էր անգամ ամենամերձավորների համար։

«Ես որոշել եմ չառաջադրել իմ թեկնածությունը,- ֆրանսիացիներին դիմել է 2012թ․ սոցիալիստների կուսակցությունից ընտրված Օլանդը։ – Առաջիկա ամիսներին իմ միակ պարտականությունը լինելու է երկրի ղեկավարումը»։

Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ հասկանում է՝ իր թեկնածության առաջադրումը կարող է սպառնալիքի տակ դնել երկրում ձախ ուժերի միասնությունը և հենց այդ պատճառով է նման որոշում ընդունել։

Ամփոփելով իր 4-ամյա նախագահության արդյունքները՝ Օլանդը ֆրանսիացիներին կոչ է արել հինգ ամսից անել ճիշտ ընտրություն՝ պահպանողական և ծայրահեղական ուժերի համախմբման ֆոնին։

Ի տարբերություն Ֆրանսիայի աջ-կենտրոնամետների՝ ձախ կենտրոնամետները դեռ չեն կողմնորոշվել միասնական թեկնածուի հարցում։ Սոցիալիստների կուսակցության փրայմերիզները նախատեսված են հունվարի 22-ին և 29-ին։ Նախագահական ընտրությունները կանցկացվեն 2017թ․ գարնանը։

Նոյեմբերին ֆրանսիացի 79 պատգամավոր ստորագրել և գործադիր իշխանությանն էին փոխանցել նախագահ Ֆրանսուա Օլանդի իմփիչմենթի վերաբերյալ բանաձևի նախագիծ, որը, սակայն, Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն մերժել է։ Օլանդը մեղադրվում է «Նախագահը չպետք է խոսի այդ մասին» իր գրքում պետական գաղտնիք բացահայտելու մեջ։

Մեկնաբանել