Հակառակորդը կիրառել է 60 մմ-ոց ականանետ, կրակել դիպուկահար զենքերից

Արցախյան առաջնագծում հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել դիպուկահար զենքերից։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 90 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: Հատկապես ինտեսիվ խախտումներ են եղել դիպուկահար զենքերից (շուրջ 80 կրակոց): Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ (1 արկ):

Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը: Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը հանգիստ է:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Ղարաբաղում երկու զինվոր ծանր վիրավորում է ստացել և տեղափոխվել Երևան՝ կենտրոնական հոսպիտալ, ինչի մասին ո՛չ Հայաստանի, ո՛չ Լեռնային Ղարաբաղի ՊՆ-երը հաղորդագրություն չէին տարածել։ Հայաստանի ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, թե լարված իրավիճակի մասին չի հաղորդվելմ քանի որ լարված իրավիճակ չի եղել։

Մեկնաբանել