Մոսկվայում մեկնարկում են ArmPhone-ի վաճառքները

Մոսկվայում այսօր ՎԴՆԽ (ВДНХ) ցուցահանդեսային համալիրում կներկայացվի հայկական ArmPhone-ը, և կմեկնարկեն դրա վաճառքները Ռուսաստանում։

Ռուսական «Իզվեստիա» թերթը հաղորդում է, որ ArmPhone-ը ներկայացվելու է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի՝ ՎԴՆԽ-ում կենտրոնի բացման ժամանակ։ Ինստիտուտը ստեղծվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ։

Կենտրոնի պաշտոնական կայքէջում ասվում է, որ ՎԴՆԽ-ում կենտրոնի բացումը նպաստելու է ՏՏ ոլորտի հայաստանյան և ռուսաստանյան ընկերությունների կապերի հաստատմանը, ամրպանդմանն ու զարգացմանը։ Կենտրոնում լայնորեն ներկայացվելու է հայաստանյան ձեռնարկությունների արտադրանքը։ Հեռանկարում նախատեսվում է կենտրոնի հենքի վրա ստեղծել հայաստանցի և ռուսաստանցի երիտասարդ ՏՏ մասնագետների ուսումնական կենտրոն։

Ցուցահանդեսին այսօր կներկայացվի ArmPhone-ի առաջատար մոդելը, որն ունի Full HD 5,2 դյույմ էկրան, երկու սիմքարտի հնարավորություն, 4G, 32GB հիշողություն և 3ԳԲ օպերատիվ հիշողություն, ինչպես նաև մատնահետքի սենսոր։

Արտադրողների խոսքով՝ ArmPhone-ն իր որակական հատկանիշներով չի զիջում աշխարհի առաջատար արտադրողների արտադրանքին։ ArmPhone սմարթֆոնների շարքում կա հինգ հեռախոս։

Մեկնաբանել