Բորիս Մուրազիին երկու օր պահել են Ստամբուլի օդանավակայանում, ապա արտաքսել

Հայաստանում գործող «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր, լրագրող Բորիս Մուրազիին երկու օր պահել են Ստամբուլի օդանավակայանում, ապա արտաքսել Հայաստան։

Դեկտեմբերի 1-ին Մուրազին Դիարբեքիրում պետք է մասնակցեր մի միջոցառման, և այնտեղ մեկնելու համար թռիչքը Ստամբուլով է եղել։

ՍիվիլՆեթի հետ զրույցում Մուրազին ասաց, որ ակնհայտորեն իրեն պահել են իր գործունեության հետ կապված։ «Դեկտեմբերի 1-ին Դիրաբեքիրում

Մեսոպոտոմիա հիմնադրամի բացումն էր։ Ֆեյսբուքս քրքրել են և տեսել, որ ես կապ եմ ունեցել HDP-ի [Թուրքիայում գործող ընդդիմադիր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության – խմբ․] որոշ գործիչների հետ, որոնցից մեկ-երկուսը ձերբակալված են»,- ասաց Մուրազին։

Նրա խոսքով՝ իրեն տվել են աբսուրդային բացատրություն. «Ասել են, որ շատ երիտասարդ եմ Թուրքիա մտնելու համար: Հետո, երբ Ֆեյսբուքով ընկերներիս էի գրում՝ հասկանալու համար ինչ կարող եմ անել, մոտեցան MIT-ի [Թուրքիայի հետախուզության] աշխատակիցներ, վերցրին հեռախոսս և սկսեցին ինչ-որ բան փնտրել։ Ինձ տարան հարցաքննության սենյակ, առգրավեցին համակարգիչս և հեռախոսս»,- ասաց Բորիս Մուրազին։

Մուրազիին երկու օր թույլ չեն տվել զանգահարել Հայաստան։ Օդանավակայանում, որտեղ նրան պահել են, հիմնականում եղել են արաբներ և մի քանի աֆրիկացիներ։ Մուրազիի խոսքով՝ նրանց մի մասին կասածում էին «Իսլամական պետության» հետ կապ ունենալու մեջ։ «Խնդիրներից խուսափելու համար արաբներին չեմ ներկայացել, որ ազգությամբ եզդի եմ։ Ներկայացել եմ որպես հայ»,- նշեց Բորիս Մուրազին։

Նա ասաց, որ երբ արդեն ինքնաթիռ պետք է նստեր Հայաստան վերադառնալու համար, իրեն մոտեցել է մի հայ տղա, ասել, որ իր խնդրով զբաղվել է «Հրանտ Դինք» հիմնադրամը։

Մեկնաբանել