ԲՀԿ քաղաքական խորհուրդը Ծառուկյանին խնդրում է վերադառնալ

Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որը քննարկել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցն ու ընդունել հայտարարություն։

Հայտարարությունում ԲՀԿ քաղաքական խորհուրդը կուսակցության նախկին ղեկավար և հիմնադիր Գագիկ Ծառուկյանին հորդրում է վերադառնալ ակտիվ քաղաքականություն և կրկին ղեկավարել կուսակցությունը։

«ԲՀԿ քաղաքական խորհուրդը, հաշվի առնելով հանրապետության բոլոր համայնքներում և Երևանում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների պահանջն ու ցանկությունը,

Հաշվի առնելով մեր երկրում հանրային-քաղաքական մեծ համախմբում ապահովելու անհրաժեշտությունը, որը ի զորու է իրականացնել ժողովրդի անվերապահ աջակցությունն ու վստահությունը վայելող գործիչ Գագիկ Ծառուկյանը,

Հաշվի առնելով երկրի ներքին և արտաքին լրջագույն մարտահրավերները բացառապես մեծ համախմբմամբ լուծելու հրամայականը,

Հաշվի առնելով, որ Ծառուկյանի ակտիվ քաղաքականությունից հեռանալով որևէ այլ գործիչ և քաղաքական ուժ ի զորու չեղավ լուծելու այդքան անհրաժեշտ հասարակական-քաղաքական համախմբման խնդիրը,

ԲՀԿ քաղաքական խորհուրդը, մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների անունից, դիմում է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ քննարկելու ակտիվ քաղաքականություն վերադառնալու և մեծ համախմբմամբ, միասնական ջանքով ու ժողովրդի աջակցությամբ մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու հարցը»։

Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից հեռացավ 2015թ․ փետրվարին Սերժ Սարգսյանի հետ հրապարակային առճակատումից հետո։

Մեկնաբանել