Պաշտպանության նախարարությունն անպատասխան չի թողնի Արթուր Սաքունցի զեկույցը

Արծրուն Հովհաննիսյանը խոստանում է անպատասխան չթողնել Սաքունցի զեկույցը։

Պաշտպանության նախարարությունը անպատասխան չի թողնի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) զեկույցը Ապրիլյան պատերազմի իրադարձությունների մասին․ դեկտեմբերի 3-ին Դիլիջանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի այն հայտարարությանը, որ ՊՆ-ն այդպես էլ չի պատասխանում իրենց ներկայացրած զեկույցին:

«Մասնագիտորեն ուսումնասիրելուց հետո, պաշտպանության նախարարությունը մանրամասն կպատասխանի գրասենյակին»,- ասաց ՊՆ մամուլի խոսնակը:

Նոյեմբերի 16-ին ՀՔԱՎ գրասենյակը զեկույց էր հրապարակել 2016թ. ապրիլին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակի մասին:

ՀՔԱՎ գրասենյակի պատրաստած զեկույցի համաձայն՝ Ապրիլյան պատերազմում զոհված 94 զինծառայողներից առնվազն 15-ն ունեցել են առողջական խնդիրներ, առնվազն 3-ը մահացել են պատշաճ բժշկական օգնություն չստանալու հետևանքով։ Զինամթերքի բացակայությունը և անսարքությունը պատճառ են դարձել առնվազն 12 զինծառայողի մահվան։ Միայն 29 ընտանիք է պաշտոնապես տեղեկացվել իրենց որդու մահվան մասին: Ընտանիքների գերակշիռ մասը բնակվում է սոցիալապես անապահով պայմաններում։ 

«Բավականին ոչ պրոֆեսիոնալ կազմված զեկույց էր, մարդկանց էմոցիաների վրա խաղացած, մինչև քառասունքը գնացել են այդ մարդկանց տները, կոպիտ ասած՝ ցասումը քաշել սարքել են… ՊՆ մասնագետների կողմից մանրամասն ուսումնասիրությունից հետո այն միանշանակ պատասխան կստանա, անպատասխան չենք թողնի»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

ՊՆ մամուլի խոսնակը, անդրադառնալով դեկտեմբերի 2-ին 2015թ. ձմեռային և 2016թ․ ամառային զորակոչի դժգոհությունների վերաբերյալ ՀՔԱՎ գրասենյակի ներկայացրած դեպքերին, նշեց, որ դրանց ևս կպատասխանեն ուսումնասիրլուց հետո:

«Տարեկան 30-40 դիմում է լինում գրասենյակ զորակոչից դժգոհությունների վերաբերյալ՝ ծնողների կամ այլ մարմինների կողմից: Իրենք ներկայացնում են մեզ, իրենց ներկայացված պահանջները երբեմն արդարացի են լինում, չնայած՝ մեծ մասամբ՝ ոչ, բայց եթե անգամ իրենք երեք դեպք էլ են ճիշտ հայտնաբերել բժշկական հանձնաժողովների կամ որոշ անձանց թերացումներից, ապա դա աշխատանք է, ինչի համար շնորհակալ ենք նրանց»,- ասաց ՊՆ խոսնակը:

Դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը Արթուր Սաքունցը նշել էր, որ 2015թ. ձմեռային և 2016թ․ ամառային զորակոչի դժգոհությունների վերաբերյալ ՀՔԱՎ գրասենյակ է դիմել 57 քաղաքացի: Ըստ գրասենյակի՝ իրենց դիմած 57 քաղաքացու խնդիրն առողջական է եղել, որոնք «ոչ պատշաճ բուժզննություն են անցել՝ ճանաչվելով պիտանի պարտադիր զինվորական ծառայության համար»:

Լուսանկարը՝ Ինտերֆաքսի