Սերժ Թանկյանը կգա Հայաստան՝ որպես դիտորդ խորհրդարանական ընտրություններին

Սերժ Թանկյանը և ուրիշներ կգան Հայաստան՝ դիտարկելու խորհրդարանական ընտրությունները։

Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը և ուրիշներ կժամանեն Հայաստան՝ դիտարկելու 2017թ․ ապրիլի խորհրդարանական ընտրությունները։ Այս մասին այսօր սկայպով հայտարարեց Թանկյանը՝ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի և դերասան Հրանտ Թոխատյանի՝ Երևանում հրավիրած ասուլիսին։

Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և նշանավոր այլ գործիչներ նախաձեռնել են «Արդարություն Հայաստանում» արշավը, որի նպատակն է նպաստել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին։

Այսօրվա ասուլիսին հնչած հարցին, թե արդյոք խորհրդարանական ընտրություններին այս նախաձեռնության անդամները կգա՞ն Հայաստան, բոլորը, այդ թվում՝ Սերժ Թանկյանը, միաձայն ասացին՝ այո:

System of a Down խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանը, ամփոփելով «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության ստորագրահավաքը, որին երկու ամսվա ընթացքում մասնակցել է 4400 մարդ, նշեց, որ իրենց համար շատ կարևոր է ստորագրողների հայ լինելը:

«Սփյուռքահայությունը անջատված է հայաստանյան իրադարձություններից` լինի դա քաղաքական, սոցիալական, թե տնտեսական: Այս փորձը կարևոր դաս է անդրադառնալու, որ սփյուռքահայությունը և Հայաստանը բաժանված են, հենց դա պետք է փոխենք»,- ասաց Թանկյանը:

Թանկյանն ասում է, որ ստորագրում են այն մարդիկ, որոնք զբաղված են քաղաքական հարցերով և ժողովրդավարական մտածելակերպ ունեն, բայց մարդկանց մեծ մասը քաղաքական չէ. «Դա է մեր գլխավոր մարտահրավերը սփյուռքահայության նկատմամբ»:

Թանկյանի խոսքով` խնդիրը ոչ թե կուսակցության մեջ է կամ ում համար ենք քվեարկում, հարցն այն է, որ պետք է անել ամեն ինչ, որ երիտասարդությունը չարտագաղթի:

«Մարդիկ սպասում են, որ իրենց ազատեն, այս մտածողությունը սխալ է: Մենք ենք մեր ղեկավարները, մենք ենք որոշում կայացողները: Պետք է ներշնչող մի բան լինի, երբեմն շատ խոժոռ ենք իբրև ժողովուրդ, և խնդալը շատ կարևոր է: Եթե կյանքը մի փոքր թեթև լինի, շատ ավելի կարող ենք հաղթահարել մեր կյանքի դժվարությունները»:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտը նշում է, որ կարևոր հարցերից մեկն է՝ անել այնպես, որ սփյուռքի երիտասարդությունը չանջատվի Հայաստանից: «Հայաստանի խնդիրն այն է՝ ո՞նց անենք, որ Հայաստանի մտավորականները, ղեկավարները սփյուռքին չնայեն մի աչքով, այսինքն կարող եք այստեղ գալ փող ծախսել, բայց մեր կյանքի մասին բան մի ասեք: Դա պետք է վերջանա»:

Մեկնաբանել