«Զարմացրե՛ք ձեր ընկերներին»․ «Կարասը» Washington Post-ի լավագույն հնգյակում

Հայկական «Կարաս» գինին ընդգրկվել է Washington Post պարբերականի՝ տոների համար լավագույն խմիչքների հնգյակում։

Պարբերականի սյունակագիր Դեյվ Մեքինթայրը տոներին ընդառաջ կազմել է տոնական սեղանի համար նախընտրելի խմիչքների ցանկ։ «Կարաս կարմիր գինի 2014-ը», բացելով ցանկը, գնահատվել է որպես գերազանց և ստացել երեք աստղ։

«Վաու,- գրում է սյունակագիրը։ – Համեստ գին [16 դոլար – ՍիվիլՆեթ] ունեցող այս գինին այնպիսի համ ունի, կարծես կրկնակի կամ նույնիսկ ավելի թանկ արժեք ունի»։

Հեղինակը «Կարասը» բնութագրում է որպես թեթև, «աշխույժ»՝ սև և կարմիր մրգային բուրմունքով։ Նա խորհուրդ է տալիս գինին փորձել բուրգերներով կամ սթեյքերով, կարտոֆիլ ֆրիով։

«Զարմացրեք ձեր ընկերներին ոճային ընտրությամբ մի երկրից, որի գինին նրանք նախկինում չեն փորձել»,- գրում է Washington Post-ի սյունակագիրը՝ նշելով այն վայրերը, որտեղից կարելի է ձեռք բերել «Կարաս» գինի։

Ցանկում Կարասին հետևում են Thibaut-Janisson Xtra Brut-ը, Nicosia Vulka Etna Rosso 2014-ը, Cuvée Darius Fitou 2013-ը, Laurent Dauphin Premier Cru Champagne-ը։

Մեկնաբանել