Ռուսաստանը ԱՄՆ-ի թիվ մեկ սպառնալիքն է․ Reuters գործակալության հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Ջեյմսը։
«Ռուսաստանը ԱՄՆ-ի թիվ մեկ սպառնալիքն է։ Մենք ունենք մի շարք սպառնալիքներ, որոնք հաղթահարում ենք, սակայն Ռուսաստանը, միջուկային զենքի տեսանկյունից, գոյութենական վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի համար»,- ասել է պաշտոնյան։
Ավելի վաղ Ռուսաստանի հասցեին քննադատական հայտարարություններ էր արել Պենտագոնի հեռացող ղեկավար Էշթոն Քարթերը։ Նրա խոսքով՝ ռուսական ագրեսիան և սադրանքները հիմնված են կեղծ հավակնությունների և անտեղին վիրավորանքների վրա։
Ռուսաստանի կողմից ուժգնացող սպառնալիքի վերաբերյալ մտահոգություններ են հայտնել նաև ԱՄՆ-ի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Այս տարվա սեպտեմբերին ԱՄՆ-ի Սենատը հավանություն էր տվել երկրի 2017թ․ բյուջեին․ ռազմական ծախսերը, ըստ դրա, կկազմեն 602 մլրդ դոլար։ Փաստաթղթում առանձին ընդգծվում է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության համար միջոցների դուրսգրման արգելքը։
Մինչդեռ եվրոպացի դիվանագետները մտավախություն ունեն, որ Մոսկվան կարող է նախքան հունվարին ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը ժամանակ շահել և նախահարձակ գործողություններ իրականացնել Ուկրաինայում և Սիրիայում։