Վրաստանը վայելում է ԱՄՆ-ի երկկուսակցական աջակցությունը․ ԱՄՆ դեսպան

Վրաստանը վայելում է ԱՄՆ-ի երկկուսակցական աջակցությունը․ agenda.ge կայքի փոխանցմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Քելլին։

Վերջինիս խոսքով՝ իրեն չի զարմացրել, որ Ներկայացուցիչների պալատը հաստատել է պաշտպանական քաղաքականության վերաբերյալ ամենամյա օրինագիծը, որում Վրաստանը գնահատվել է որպես «արժեքավոր բարեկամ»։

«Վրաստանը ԱՄՆ-ի արժեքավոր բարեկամն է, որն ապացուցել է իր նվիրվածությունը երկու երկրների համատեղ շահերի առաջ մղմանը, որոնց թվում Աֆղանստանում վրացական զորքերի տեղակայումն է»,- ասված է փաստաթղթում։

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանը ողջունել է նաև այդ երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի ներկայացրած տնտեսական աճի նախագիծը։

«Վարչապետն ունի իսկապես լավ նախագիծ։ Մենք աջակցում ենք դրան»,- ասել է Քելլին՝ հավելելով, որ ԱՄՆ-ի աջակցության մեծ մասն ուղղված է տնտեսական աճին։

«Սակայն ներկայում բուն տարածաշրջանում առկա են բազմաթիվ մարտահրավերներ, և Վրաստանը նույնպես ստիպված է առերեսվել դրանց։ Այսպիսով, փոքր-ինչ դժվար ժամանակահատված է, սակայն կա նախագիծ և տարվում են աշխատանքներ դրա իրագործման ուղղությամբ»,- նշել է դիվանագետը։

Մեկնաբանել