ԵՄ-ն €2 մլն է տրամադրում ՀԲԸՄ-ին՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության համար  

Եվրոպական Միությունը 2 միլիոն եվրո դրամաշնորհ է տրամադրում Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման համար։ Գումարը հատկացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը (ՀԲԸՄ)։ Եռամյա ծրագրով նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել սփյուռքի և հայաստանյան կազմակերպությունների միջև փոխգործակցությանը։

Դեկտեմբերի 5-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ստորագրեցին 2 միլիոն եվրո դրամաշնորհի տրամադրման պայմանագիր, որով կպայմանավորի Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորմանն աջակցող եռամյա ծրագրի մեկնարկը։

Հայաստանում քաղաքացիական հասարակության հետ ավելի սերտ ներգրավման նպատակով ՀԲԸՄ-ն ակտիվորեն որդեգրում է նոր ռազմավարական ուղղություն, և սույն դրամաշնորհի միջոցով կարվեն այս ուղղությամբ առաջին քայլերը։

«Քաղաքացիական հասարակության աջակցություն» ծրագիրը իրականացվելու է ՀԲԸՄ-Հայաստանի կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ գործընկերությամբ։ Ծրագիրը միտված է տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացմանը, ինչպես նաև դրանց համագործակցային հնարավորությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու սփյուռքի և տեղական կազմակերպությունների փորձագետների միջև կապերի ստեղծմանը, գիտելիքների և փորձի փոխանակմանը՝ ապահովելով Հայաստանի քաղաքացիական հասարակության առօրյա կյանքում սփյուռքի ավելի մեծ ներգրավումը։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել