Թբիլիսիում քննարկել են ԼՂ խնդրի ամբողջական արխիվ ստեղծելու հարցը

Թբիլիսիում Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի փորձագետները քննարկել են, թե հնարավոր է արդյոք ԼՂ խնդրի վերաբերյալ ամբողջական արխիվ ստեղծել։

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Թբիլիսում կայացել է հայ-ադրբեջանական հանդիպում, որին մասնակցում էին 5-ական ներկայացուցիչներ (լրագրողներ, փորձագետներ, հետազոտողներ) Ադրբեջանից և Հայաստանից, 2-ը՝ Արցախից, ինչպես նաև կազմակերպիչները՝ բրիտանացիներ և շվեյցարացիներ:

Հանդիպմանը՝ որպես Սիվիլիթաս հիմնադրամի փորձագետ, մասնակցել է նաև լրագրող Թաթուլ Հակոբյանը:

Եռօրյա քննարկումների հիմնական նպատակն էր պարզել՝ հնարավոր է արդյոք ստեղծել Ղարաբաղյան հակամարտության մասին ամբողջական արխիվ (փաստաթղթերի հավաքածու, տեսանյութեր, մամուլի հրապարակումներ, լուսանկարներ), որոնք են խոչընդոտներն ու բարդությունները, ինչ ժամանակաշրջան պետք է ընդգրկի այն և բազմաթիվ այլ հարցեր:

Քննարկումների արդյունքում կազմակերպիչները և հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերի՝ Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի հասարակական սեկտորի ներկայացուցիչները նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտության դեպքում ևս մեկ հանդիպում կազմակերպել՝ ավելի առարկայորեն քննարկելու խնդիրը և հետագա քայլերը:

Հանդիպումները կազմակերպել էին բրիտանական «Conciliation Resources» («Հաշտեցման պաշարներ») ՀԿ-ն և «Swiss Peace» («Շվեյցարական խաղաղություն») հիմնադրամը՝ գերմանական «Bosch» («Բոշ») հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Թաթուլ Հակոբյան, Թբիլիսի

Լուսանկարը՝ Ինտերֆաքսի

Մեկնաբանել