Կարեն Կարապետյանը չի բացառում վարչապետի պաշտոնում մնալը 2018-ից հետո

Կարեն Կարապետյանը չի բացառում վարչապետի պաշտոնում իր հնարավոր պաշտոնավարումը նաև 2018-ից հետո։ Այս մասին այսօր նա հայտարարեց լրագրողների հետ կառավարությունում հրավիրած հանդիպմանը։ Լրագրողների հարցուպատասխանի այդ հատվածը՝ ստորև։

Նախագահը հայտարարեց, որ դուք ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում [2017-ին] կշարունակեք պաշտոնավարել։ Իսկ նախագահի պաշտոնավարման ժամկետից հետո պատրա՞ստ եք վարչապետի պաշտոնը զիջել Սերժ Սարգսյանին՝ հաշվի առնելով, որ նա չի բացառել, որ կարող է որպես վարչապետ պաշտոնավարել։

– Ես կարծում եմ՝ այդ հարցին պատասխանել եմ։ Համենայն դեպս՝ իմ պատկերացմամբ, եթե ես ասեի երեք-չորս տարի, հինգ տարի անընդմեջ ես պաշտոնավարելու եմ, դուք անմիջապես, քանի որ շատ կարող ուժեր եք և հնարավորություն ունեք մեկնաբանելու, թույլ կետը գտնելու պատասխանի, կասեք՝ իսկ եթե դուք էֆեկտիվ չլինեք, եթե դուք լավ չկառավարեք, վտանգ կա, չէ՞, որ դուք կդառնաք չարիք։ Այդ իսկ պատճառով հարցիս պատասխանը հետևյալն է՝ չեմ եկել վեց ամիս աշխատելու, բայց միևնույն ժամանակ, եթե մենք արդյունք ցույց տանք, եթե հանրությունը, մեր ժողովուրդը, մեր քաղաքացին, գյուղացին, բանվորը, բիզնեսմենը, գիտնականը հասկանան, զգան, որ յուրաքանչյուր օր մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում, որ մենք ինչ-որ ձևի ցույց ենք տալիս այն հորիզոնները, որոնք հրապուրիչ են, որոնք բավարար են հասկանալու համար, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում, մենք կփորձենք աշխատել երկարատև։

Նախագահի հետ նման հարց քննարկե՞լ եք։

– Ո՛չ, նման հարց քննարկելը մոտավորապես նույնն է, որ ես հայտարարեմ՝ գիտեք ինչ՝ ես երեք-չորս տարուց պակաս պատրաստ չեմ աշխատելու։ Որոշակի ներքին ցենզ պետք է ունենաս, որ ասես՝ իսկ ես քանի՞ տարի եմ վարչապետ աշխատելու, մի հատ ինձ երաշխավորեք։ Կարծում եմ՝ կոռեկտ չէ նման քննարկումը։

Լրագրողների մի շարք հարցերից հետո կրկին հնչեց հարցը՝ արդյոք Կարեն Կարապետյանն իրեն տեսնում է վարչապետի պաշտոնում 2018-ից հետո, երբ ավարտվի Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը։

– Եթե մեր կառավարությունը, մեր թիմը էֆեկտիվ աշխատի, և եթե պահանջված լինի, վարչապետ եմ տեսնում։ Դա՞ էիք ուզում լսել։

Մեկնաբանել